Թրամփի դուստրը՝ Իվանկան իր ամուսնու հետ Նյու Յորքից կտեղափոխվի Վաշինգտոն
                        ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը, ով հայտնի է նաև որպես իր հոր «աջ ձեռք», գալիք տարվա սկզբին իր ամուսնու և 3 երեխաների հետ Նյու Յորքից կտեղափոխվի Վաշինգտոն։ 
CNN-ի տվյալներով՝ զույգն արդեն սկսել է Վաշինգտոնում հարմար բնակարանի փնտրտուքը։
Հեռուստաալիքը նշել է, որ Քուշներ-Թրամփ զույգի տեղափոխությունը կարող է նշանակել այն, որ Դոնալդ Թրամփը իր փեսային ցանկանում  նշանակել իր խորհրդականներից մեկի պաշտոնում։ Սակայն  միևնույն ժամանակ նրա նշանակումը կհակասի ամերիկյան օրենքին, որն արգելում է նշված պարագայում ընտանեվարությունը։
35-ամյա Քուշները New York Observer թերթի և իր հոր կողմից հիմնադրված ընկերության սեփականատերն է։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Թրամփի նախընտրական քարոզչությանը։ 
Հիշեցնենք, որ Դ. Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

