211652_close_icon

Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 2018թ.-ի գագաթաժողովը

views-count4254 դիտում article-date 22:10 27-11-2016
Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Որոշման կայացմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը. «Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովի մեծարգո նախագահ, Մադագասկարի մեծարգո Նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք պետությունների, կառավարությունների և պատվիրակությունների ղեկավարներ, Տիկին գլխավոր քարտուղար, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու ձեր որոշման համար։ Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի բարձրագույն հանդիպումը։ Սա վկայությունն է մեր երկրի հանդեպ դրսևորված վստահության և համերաշխության, որը կազմակերպությանն իր անդամակցությանը հաջորդած տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում: Այս որոշումը նաև կարևոր ուղերձ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր ֆրանկոֆոն երկրներին, որոնց համար առաջիկա գագաթաժողովն առիթ է հանդիսանալու կրկին անգամ արժևորել Ֆրանկոֆոնիան մեր տարածաշրջանում: Մենք հաստատակամ ենք ապահովելու Ֆրանկոֆոնիայի այս կարևոր իրադարձության հաջողությունը: Մեր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով այն անցկացնելու՝ դրանով իսկ տոնելով նաև Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Այսօր մենք հանձանռություն ենք ստանձնում՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը»: Գագաթաժողովի արդյունքներով տեղի ունեցավ Մադագասկարի Նախագահի, Կանադայի վարչապետի, Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի համատեղ ասուլիսը։

Նմանատիպ նյութեր