211652_close_icon
views-count6545 դիտում article-date 20:04 19-11-2016

«Մեծ պաշտոնյա ես. ավելորդ է ըսել, թե մեծ խաբեբա ես»․ Հակոբ Պարոնյան

Հակոբ Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։ Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունների մասին մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։ Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թ. ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։ Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ 1863 թ. Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ Հետագայում Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։ Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թթ.)։ 1874-1877 թթ. խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի դրանից, նա հրատարակում է «Թատրոն բարեկամ մանկաց» երկշաբաթաթերթը (1874-1877), նպատակ ունենալով «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկրնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքցի ըլլալ»։ «Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։ Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թթ.), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։ Իր գրական գործունեությունը Պարոնյանն սկսել է թատերգությամբ։ Առաջին նախափորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թվական) կատակերգությունն է։ Նրա գլխավոր հերոսը Կոմիկ անունով մի ստահակ է, որ միաժամանակ ծառայելով երկու տիրոջ, փորձում է խառնակել հարաբերությունները և տիրանալ վաճառականի աղջկան։ 1888 թ. թուրքական կառավորության կողմից հայ պարբերականների փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը վախճանվում է 1891 թ. մայիսի 27-ին Կ․ Պոլսում։

Նմանատիպ նյութեր