8633 դիտում
10:43 18-11-2016
Երևանը կասկածում է Մոսկվայի առաջարկին. Սերժ Սարգսյանը չի ուզում այն, ինչ ուզում է Պուտինը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը հավանության է արժանացրել հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու մասին կառավարության առաջարկությունն ու հանձնարարել է ՊՆ-ին և ԱԳՆ-ին բանակցել, համաձայնեցնել և ստորագրել Հայաստանի հետ: Այդ տեղեկությունը Հայաստանի հասարակության շրջանում տվեց մտահոգությունների առիթ: Դատելով զարգացումներից, միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը դեռևս անցնելու է որոշակի ընթացք: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 16-ի դրությամբ հայտարարեց, որ Ռուսաստանից չեն ստացել որևէ առաջարկ, իսկ Սերժ Սարգսյանն էլ Ռուսաստանի «Այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում անդրադառնալով այդ թեմային նշեց, թե մանրամասն կուսումնասիրեն` երբ ստանան Պուտինի հավանությանն արժանացած առաջարկությունները:
Ընդ որում, խոսք զորախմբի ստեղծման մասին չէ, այլ կազմի ընդլայնմանն ու կառավարման համակարգում որոշակի փոփոխություններին: Զորախումբը կա վաղուց, իրականացվում են դրա վարժանքները, այժմ, սակայն առաջարկվում է ընդլայնել կազմն ու փոփոխել կառավարման գործառույթները: Եվ հենց դա առաջացնում է հարց, թե ինչու է Ռուսաստանի մոտ առաջացել դրա անհրաժեշտությունը: Իսկ այն, որ դա առաջացել է Ռուսաստանի մոտ, վկայում է հայկական կողմի արձագանքը, որը սպասում է Ռուսաստանի առաջարկություններին: Որովհետև, եթե միացյալ զորախմբի հարցում փոփոխություններ կատարելու, կազմն ավելացնելու, ինչ որ բան կառավարման համակարգում փոխելու ցանկությունը լիներ Հայաստանից, նախաձեռնությունը գար Հայաստանից, ապա Հայաստանը ոչ թե ՌԴ առաջարկներին պետք է սպասեր, այլ պետք է սպասեր իր առաջարկների վերաբերյալ Ռուսաստանի իշխանության արձագանքին:
Ահա հենց այդ հանգամանք էլ հետաքրքրական է դարձնում, թե ինչու է Ռուսաստանի մոտ ծնվել փոփոխությունների միտքը, անհրաժեշտությունը: Եթե դա գալիս է Հայաստանին պաշտպանելու ցանկության ավելացումից, ապա Ռուսաստանը ունի այդ ցանկությունը իրագործելու բազմաթիվ այլ հնարավորություններ և նաև դաշնակցային պարտավորություններ, մինչ միացյալ զորախմբի քանակն ավելացնելը և կառավարման փոփոխություններ կատարելը:
Ավելին, այդ առումով Ռուսաստանից երևի թե ավելի շուտ պահանջվում է նախ և առաջ դադարեցնել Ադրբեջանին քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերելը, Ադրբեջանի ռազմատենչության ռազմա-քաղաքական հովանավորություն իրականացնելը, և թերևս դա արդեն իսկ զգալիորեն բավարար կլինի, Հայաստանին ուղղված մի շարք սպառնալիքների հարցում հայկական կողմին աջակցելու համար:
Ավելին, դատելով Կիսելյովի հետ հարցազրույցում թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պարզաբանումներից, Ռուսաստանի նախաձեռնությունը Երևանի համար էլ այդքան հասկանալի և պարզ չէ, թեև արդեն իսկ հրապարակվել են համաձայնագրին վերաբերող մի շարք դրույթներ:
Նկատելի է դառնում, որ Երևանը կամ գիտե, որ կան տողատակերում թաքնված խութեր, կամ առնվազն կասկածում է, որ այդպիսի խութեր կարող են լինել: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը Կիսելյովի հետ զրույցում անում է երկու ուշագրավ արտահայտություն, նախ Պուտինի առաջարկները «մանրամասն քննարկելու» մասով, և նաև «այնքան աշխատելու, մինչև այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»:
Թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, պարզ չէ, սակայն բավական նկատելի է նրա տոնայնությունից և ակնարկներից, որ նա այդքան էլ չի ուզում այն, ինչ ուզում է Պուտինը: Դա զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին Պուտինի քաղաքականությունը հուշում է, որ նրա ցանկությունները այնքան էլ համատեղելի չեն Հայաստանի անվտանգությանը»:
[b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
14:39 02-08-2022
Վաշինգտոնն անլուրջ է համարում Մոսկվայի պատասխանը կալանավորների փոխանակման առաջարկին
916 դիտում
18:46 09-10-2023
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարարը. ՀՀ-ի արձագանքը՝ Մոսկվայի առաջարկին
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»