211652_close_icon
views-count6358 դիտում article-date 19:20 16-10-2016

Գոյություն ունեն հրաբխային լեռներ, որոնք ծնվում են բառացիորեն մարդկանց աչքի առաջ

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։ ՀՀ տարածքում հայտնի են ավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է։ Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում. հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը։ 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլանումը, Ստաբիանը, և բազմաթիվ գյուղեր։ 1883 թվականին Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հզ. մարդ։ Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը, խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թվականի հրաբխի հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հզ. մարդ։ Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։ Որոշ հրաբուխներ ծնվում են բառացիորեն մարդկանց աչքի առաջ։ Այդպես առաջացավ, օրինակ, Պարիկուտեն հրաբուխը Մեքսիկայում։ 1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից։ Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։ Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապես հանգեց 1952 թվականին, երբ նրա բարձրությունը հասավ 2800 մ-ի։

Նմանատիպ նյութեր