Միջազգային համայնքը պետք է ամեն հնարավոր բան անի հրադադարի հասնելու համար. Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել սիրիական Հալեպ քաղաքի ռմբակոծությունները և պահպանել հրադադարը:
«Այս պահին ես կարող եմ դիմել միայն Ռուսաստանին: Ռուսաստանը ուժեղ ազդեցություն ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: Մենք պետք է հնարավորինս շուտ վերջ դնենք այս ահավոր հանցագործությանը», DW.com-ի փոխանցմամբ` ասել է Մերկելը` ելույթ ունենալով Քրիստոնեա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ Մագդեբուրգում:
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ «որևէ իրավական հիմնավորում չկա հիվանդանոցներին և բժիշկներին ռմբակոծելու և նրանց միտումնավոր վնասելու համար»:
«Այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, սարսափելի է: Միջազգային համայնքը պետք է ամեն հնարավոր բան անի հրադադարի հասնելու համար»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը: