«Վիսոցկու թեյ, Բրոդսկու շաքար, իսկ Ռուսաստանը՝ Տրոցկու»․ հակահրեական ասացվածք
Վիսոցկի թեյն աշխարհում ամենահին թեյ արտադրող ընկերություններից մեկն է։ Հիմնադրվել է 1849 թվականին Մոսկվայում Կալոնիմուս Վիսոցկու կողմից, որը ծնվել է Ռուսական կայսրության Ժագարե քաղաքում (ներկայումս՝ Լիտվա) ոչ հարուստ առևտրականի ընտանիքում։
Լավ կազմակերպելով բիզնեսը՝ Վիսոցկին մշտական գնորդներ ձեռք բերեց ամբողջ Ռուսական կայսրությունում և 1904 թվականին ընկերությունն ընդլայնեց իր գործունեությունը նաև արտասահմանում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ 1907 թվականին Վիսոցկին ստեղծեց անգլոասիական ընկերություն, որի գլխամասը գտնվում էր Լոնդոնում։ Ընկերության ղեկավարը հրեա հայտնի գրող և փիլիսոփա Ահադ հա Ամոմն էր։ Ընկերությունը թեյի պլանտացիաներ ձեռք բերեց Հնդկաստանում և Ցեյլոնում։
1900-ական թվականների սկզբներին Վիսոցկու թեյի ընկերությունն աշխարհում ամենախոշորներից մեկն էր։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընկերությունը ազգայնացվեց, սակայն ևս 2 տարի անցավ մինչև այն հայտնվեց նոր ձեռքերում։
Խորհրդային Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հակահրեական ասացվածք էր տարածվել․ «Վիսոցկու թեյ, Բրոդսկու շաքար, իսկ Ռուսաստանը՝ Տրոցկու»։
Ներկայումս երբեմնի հսկա ընկերությունից մնացել է միայն Իսրայելի ընտանեկան ընկերությունը։ Ընկերության գլխամասը գտնվում է Թել Ավիվում, արտադրանքն իրականացվում է Գալիլեայում՝ ժամանակակից գործարանում, որտեղ աշխատում է մոտ 400 մարդ։ Ընկերությունը զբաղեցնում է տեղի թեյի շուկայի 76%-ը և արտահանում է իր արտադրանքն ամբողջ աշխարհ՝ Կանադա, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Հունգարիա, Ռուսաստան, Ուկրաինա և ԱՄՆ։