211652_close_icon
views-count2172 դիտում article-date 17:12 17-09-2016

Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության պատվիրակությանը

Սեպտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության պատվիրակության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել նշելու ընկերակցության հիմնադրման 95-ամյակը: Պատվիրակության կազմում էին աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերակցության մասնաճյուղերի ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության 95-ամյակը և իր ուրախությունը հայտնեց, որ այդ հոբելյանը նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի օրերին, ինչը հնարավորություն կտա մասնակից լինելու տոնական միջոցառումներին: Նախարարի պաշտոնակատարը գնահատանքի և երախտագիտության խոսք ասաց «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության գործունեության մասին՝ մասնավորապես նշելով. «Երբ 1921 թվականին Միհրան և Զաբել Կարագյոզյաններն ի հիշատակ իրենց վաղամեռիկ որդու՝ Հովարդի, հիմնադրեցին «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությունը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբուկներին օգնելու նպատակով, հավանաբար չէին մտածում, որ իրենց կազմակերպությունն այսքան երկար կյանք կունենա: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր շարունակեցին այդ շնորհակալ գործը՝ 95 տարի հոգ տանելով տարբեր պատճառներով դժվարության մեջ հայտնված հայ մանուկների խնամքի, բուժման և կրթության մասին: Դուք առաջիններից էիք, որ ամենադժվար ժամանակներում հաստատվեցիք Հայաստանում և գործունեություն ծավալեցիք Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Լեռնային Ղարաբաղում: Մեծապես կարևորում եմ հատկապես երեխաների առողջության պահպանմանն ուղղված ձեր գործունեությունը, քանի որ ինչքան առողջ լինեն մեր երեխաները՝ այնքան ամուր և առողջ կլինի Հայաստանի ապագան»: Այնուհետև, նախարարի պաշտոնակատարը խոսեց հայության առջև ներկայումս ծառացած մարտահրավերների մասին՝ առանձնացնելով հատկապես սիրիահայության հիմնախնդիրները: Ներկաներին ծանոթացնելով ՀՀ կառավարության կողմից սիրահայությանը ցուցաբերվող աջակցության մասին՝ Հրանուշ Հակոբյանն ասաց. «Գիտեմ, որ «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությունը աջակցում է Սիրիայում և աշխարհի տարբեր երկրներում հայտնված սիրիահայությանը, սակայն գնահատելի կլինի, եթե ընկերակցությունն իր 95-ամյա հոբելյանը նշանավորի նաև Հայաստանում հաստատված սիրահայության համար բարեգործական նախաձեռնություններով»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական կազմակերպության նախագահ Մայքլ Հարությունյանը նշեց. «Մենք 95 տարվա ընթացքում արել ենք մեր կարելին: Այսօր Հայաստան ենք եկել աշխարհի տարբեր երկրներում գործող մեր ընկերակցության մասնաճյուղերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ նրանք բոլորն էլ գիտակցում են իրենց աշխատանքի կարևորությունը և նվիրումով պիտի շարունակեն Կարագյոզյան ընտանիքի գործը»: Իրենց տարածաշրջաններում իրականացվող աշխատանքների մասին խոսեցին նաև «Կարագյոզյան» ընկերակցության Սիրիայի մասնաճյուղի ղեկավար Պետրոս Դարակչյանը, Լիբանանի մասնաճյուղի ղեկավար Սերոբ Օհանյանը և ուրիշներ: Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս ներկաներին շնորհավորելով «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության 95 և Հայաստանի Հանրապետության 25 ամյակների առթիվ՝ Հրանուշ Հակոբյանը շեշտեց. «Սփյուռքահայությունը երկու կարևոր առաքելություն ունի. նախ իր հզոր ներուժը ծառայեցնի աշխարհում Հայաստանի և հայության պատիվը բարձր պահելուն և երկրորդ՝ աջակցի Հայաստանի և հայության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մենք բոլորս աչքի լույսի պես պետք է պահենք-պահպանենք մեր Հայրենիքը՝ ապագա սերունդների համար»: Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև հայերենի իմացության և Հայաստանի հետ անմիջական շփումների անհրաժեշտության մասին, որոնք ազգային ինքնության պահպանման ամենակարևոր պայմաններն են:

Նմանատիպ նյութեր