ԱՄՆ-ի Կոնգրեսում լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հարցով
Միացյալ Նահանգների Կոնգրեսում սեպտեմբերի 15-ին կանցկացվեն լսումներ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով:
Ինչպես հայտնում է contact.az-ը, լսումները կանցկացվեն «Ադրբեջան. արդյո՞ք մարդու իրավունքների պաշտապանությունը կարևորություն ունի» խորագրով, Կոնգրեսի մարմին հանդիսացող Լանտոսի հանձնաժողովի նախաձեռնությամբ:
«2014թ. սկսած Ադրբեջանի կառավարությունը, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ավելացրել է այլախոհների նկատմամբ գործադրվող ճնշումը, լրագրողների, ընդդիմադիրների, կրոնական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ հետապնդումները»,-նշվում է հանձնաժողովի նյութերում: Դրանցում նաև ասվում է, որ Ալիևի կառավարությունը «թաթախված է կոռուպցիոն մեղադրանքներում և գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ»: