Վանդալիզմ Լոռու մարզում. Հաղպատավանքից գողացել են գանձանակն ու մոմերի վաճառքից գոյացած գումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Հաղպատ գյուղում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք կոտրելով Հաղպատավանքի մուտքի փականը՝ մտել են ներս և գողացել գանձանակի արկղը և մոմերի, հուշանվերների, նկարների վաճառքից գոյացած գումարը՝ 200 հազար դրամ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գանձանակը վանքում բացում են մոտ 2 ամիսը մեկ և, ըստ վիճակագրության՝ այնտեղ կարող էր լինել մոտ 200 հազար դրամ:
Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը և եկեղեցու աշխատակիցները խիստ վրդովված դատապարտում էին տեղի ունեցածը և ասում, որ «Արդեն ձեռքերը գցում են եկեղեցու մեջ: Միայն անհավատ մարդը կարող է սրբավայրից գողություն կատարել»:
Իսկ եկեղեցում 17 տարվա աշխատանքային փորձ ունեցող տատիկը նշում էր, որ վերջին անգամ 1991 թ.- ին է նման դեպք եղել, երբ գողացել են 4 նկար:
Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Մոսինյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով:
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Գուգարաց Թեմից հոգևոր հովիվ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը գանձանակի նոր արկղ է բերել Հաղպատավանք:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի