211652_close_icon
views-count2091 դիտում article-date 20:19 12-08-2016

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակման վերաբերյալ

Վերջին օրերին [b]զանգվածային լրատվության միջոցներում [/b]և հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ հարթակներում պարբերաբար [b]քննարկվում են [/b]2016թ. հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ հանցանքների մեջ մեղադրվող և [b]անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը:[/b] Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, հետաքննության և նախաքննության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու սահմանադրական իր գործառույթի իրացման շրջանակներում, լիազորված է պարզաբանել, որ տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների տեսակցության իրավունքի սահմանափակումը պայմանավորված է հետևյալ փաստական հանգամանքներով. 1. քրեական գործերով անցնող մեղադրյալներին ներկայացված մեղադրանքի բնույթով և հանրային վտանգավորության աստիճանով, այն է, որ դրանք առավելապես հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ են, 2. ենթադրյալ հանցանքների կատարման ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում մեղադրյալների դրսևորած վարքագծով, այն է՝ միմյանց միջև կայուն և տևական կապով, ինչպես նաև ներկայումս նրանց տեսակցելու ցանկություն հայտնած անձանց, այդ թվում՝ ընտանիքի անդամների և որոշ պատգամավորների հետ նախկինում ունեցած շփումներով, 3. մեղադրյալներին վերագրվող արարքներն ավարտվելուց հետո իրավասու իրավապահ մարմինների կողմից հանցավոր այլ դրսևորումների բացահայտման, ներառյալ՝ մեծաքանակ զենք և ռազմամթերք հայտնաբերելու փաստերով, հետևաբար, և ազատության մեջ հնարավոր հանցակիցներ ունենալու ողջամիտ ենթադրությամբ և բարձր հավանականությամբ: Այս պայմաններում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը (15 հոդվածի 9-րդ պարբերությունը) նախատեսում է իրավաչափ նպատակով, այն է՝ քննության շահերից ելնելով, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի և այլ անձանց հետ (բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի) ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու հնարավորություն: Թեև ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցության իրավունքը սահմանափակվել է օբյեկտիվ փաստերի հիման վրա և օրինական հիմքով, այդուհանդերձ, յուրաքանչյուր մեղադրյալի համար դրա հետագա պահպանման անհրաժեշտության հարցը ենթակա է առանձին քննարկման՝ առկա իրավիճակի և զարգացման միտումների հաշվառմամբ: Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է հետաքրքրված հանրությանը հարգել քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները, կանխարգելիչ այս միջոցի կիրառումը չդարձնել արհեստական քննարկուների կամ շահարկումների առարկա, և չփորձել այդ կամ ոչ իրավաչափ որևէ այլ ձևով ներազդել իրավասու պաշտոնատար անձանց լիազորությունների իրականացման վրա: Հույս ենք հայտնում նաև, որ օրենքի ուժով նշված սահմանափակման կիրառման տիրույթում չհայտնված անձինք օրենքով տրված արտոնությունը կօգտագործեն բացառապես իրենց մասնագիտական գործառույթների իրականացման նպատակով՝ հարգելով սեփական առաքելությունն ու արդարադատության շահերը:

Նմանատիպ նյութեր