Մոսկվայում գարեջրի խանութի հայազգի տնօրենը սքինհեդների զոհ է դարձել. նրան գիշերը սպանել են՝ դանակով հարվածելով սրտին
                        Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում ուրբաթ գիշեր դանակահարել են  2 մարդու՝ սպանելով գարեջրի խանութի հայազգի տնօրենին,  այցելուին և վիրավորել ականատեսին։ 
Ամենայն հավանականությամբ,  հանցագործությունը տեղի է ունեցել ազգային անհանդուրժողականության հողի վրա։
Պարզվել է, որ գարեջրի խանութի դիմաց նստած է եղել տերը՝ 69-ամյա ՀՀ քաղաքացի Լևոն  Քամալյանը, որին այցելուները քեռի Լյովա էին կոչում։ Բանակային ծանրաքաշ կոշիկներով  երիտասարդները մոտեցել են խանութին, որտեղ եղել է նաև Լևոնի օգնականը՝ նույնպես հայ կին, և  վեճ հրահրել, որից հետո նրանցից մեկը դանակով հարվածել է Լևոնի սրտին։ Վերջինս տեղում մահացել է։ 
Սքինհեդների  երկրորդ զոհը խանութի այցելուն է եղել՝ Ղրղզստանի 36-ամյա բնակիչ Նուրիկ Մունդուզովը, որին նույնպես դանակի հարվածով սպանել են՝ հարված հասցնելով ուղիղ սրտին։
Այդ պահին մոտոցիկլավար, Ալեքսանդր անունով 29-ամյա ականատեսը փորձել է միջամտել, սակայն նրան էլ են հարվածել: Նա վիրավորվել է:
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները փնտրում են երիտասարդներին, ովքեր, ըստ ոստիկանների  նախնական վարկածի՝ կարող են սքինհեդներ լինել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

