Պավլիկ և Արամ Մանուկյանները վիրահատությունների կարիք ունեն. փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամներ, հայր և որդի Մանուկյանները վիրահատությունների կարիք ունեն և գտնվում են իրենց առողջության համար ոչ պատշաճ պայմաններում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ով մամուլի ասուլիս էր հրավիրել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ:
Նրանք ներկայացրին փաստեր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում վիրավոր տղաների ոչ պատշաճ սանիտարահիգենիկ պայմանների մասին: Ըստ Ինեսսա Պետրոսյանի` Պավել Մանուկյանին սպասվում են ևս մի քանի վիրահատություններ, մինչդեռ քրեակատարողական հիմնարկում անմարդկային պայմաններ են, հետևաբար, փաստաբանը կարծում է, որ նրանք պետք է մնային «Էրեբունի» բժշկական կենտրոնում և այնտեղ շարունակեին իրենց բուժումը:
Հիշեցնենք, որ երեկ Պավել Մանուկյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով: Նա դատական նիստին մասնակցել էր պատգարակի վրա պառկած:
Փաստաբանը նշեց, որ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու` իր պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու համար:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ նշեց, որ Հովհաննես Հարությունյանը նույնպես վիրահատության կարիք ունի և նրան նույնպես անհրաժեշտ է բուժօգնություն քաղաքացիական հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննես Հարությունյանն իր փաստաբանին պատմել է, որ ողջ գիշեր չի կարողացել քնել, քանի որ խավարասերները բարձրացել էին բաց վերքի վրա, ինչին ի պատասխան ՔԿՀ վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը ասել էր, որ հնարավոր է` այդպիսի բաներ եղել են և հենց այդ նպատակով էլ դեզինֆեկցիոն աշխատանքներ են իրականացվում ՔԿՀ-ներում:


