211652_close_icon
views-count2211 դիտում article-date 17:15 29-07-2016

Մարդու իրավունքների պաշտպանը Ալեք Ենիգոմշյանի պահման պայմանների մասին

Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն կրկին այցելել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության Ձերբակալվածների պահման վայր՝ Ալեք Ենիգոմշյանին տեսակցության: Տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Ենիգոմշյանի հետ, ինչպես նաեւ հանդիպում ՁՊՎ ղեկավարության հետ: Այցի ընթացքում կատարված մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանի խնամքի կազմակերպման համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» կազմակերպությունից արդեն իսկ ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր են գործուղվել հատուկ մասնագետներ: Այցի պահին մեր ներկայացուցիչները հանդիպել են նաեւ խնամքի համար ՁՊՎ-ում ներկա բուժքույր-մասնագետին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանին խնամքի համար գործուղված է չորս մասնագետ եւ խնամքի համար սահմանված է շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուրի համար 8 ժամ տեւողությամբ: Պարզվել է նաեւ, որ Ալեք Ենիգոմշյանը արդեն ստացել է հանձնուք, նրան տրամադրված է անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորություն եւ արդեն իսկ ստացել է որոշակի դեղեր, տրամադրված են հիգիենայի պարագաներ եւ ապահովված է նաեւ ՁՊՎ-ում զբոսանքի հնարավորությունը: Ինչպես նշել ենք, նրան տրամադրվել է նաեւ սեղան եւ ռադիոընդունիչ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ ՁՊՎ-ի պետը Ա. Ենիգոմշյանին է հանձնել վերջինիս վերաբերող ինչպես անձնական, այնպես էլ դատավարական փաստաթղթեր՝ բրալյան գրով: Ա. Ենիգոմշյանը ՁՊՎ-ի վարչակազմի դեմ բողոք չի ներկայացրել: Վերը շարադրվածը վկայում է, որ Ազգային անվտանգության ծառայության ՁՊՎ-ում Ալեք Ենիգոմշյանի պահման պայմանները հաշվի են առնում նրա հատուկ կարիքները եւ հաշմանդամության առանձնահատկությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր