211652_close_icon
views-count798 դիտում article-date 17:47 07-07-2016

Երևանաբնակ հատուկ խմբերի երեխաները իրենց հանգիստն են անցկացնում Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում

Մայրաքաղաքում բնակվող հաշմանդամ, զոհված զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան տասնյակ երեխաներ՝ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրենց հանգիստն են անցկացնում Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում: Առաջին հերթափոխով հունիսի 20-ից մինչև հուլիսի 9-ը ճամբարներում կհանգստանա 365 երեխա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Հերթական այցի շրջանակում ճամբարականների առօրյայի կազմակերպմանն ու պայմաններին տեղում ծանոթացել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Պատասխանատուները վստահեցրել են, որ հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների սննդակարգին, օրակարգային ծրագրերին և արվում է հնարավորը՝ մանուկների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար: Ճամբար այցելած Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները զրուցել են նաև երեխաների հետ և հավաստիացել, որ նրանց հանգիստը կազմակերպվում է հավուր պատշաճի: Նշենք, որ ամառային ճամբարների աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի 16-ը: Այդ ընթացքում ճամբարային հանգստի կմեկնի ավելի քան 1200 երեխա:

Նմանատիպ նյութեր