211652_close_icon

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հնարավորություն ընձեռեց 72 աշակերտների` իրենց հանգիստն անցկացնել Հանքավանի «Արագած» ճամբարում. ֆոտոշարք

views-count10537 դիտում article-date 16:10 14-08-2015
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված վեցերորդ «Ամառային ճամբար» ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 72 աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրը, որի շահառուներն են մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները, մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց անհատական, մտավոր, ֆիզիկական զարգացմանը: Գեղատեսիլ բնության գրկում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից ժամանած թեքեյանցիներին, որոնք ութ օր շարունակ ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով: Հետաքրքիր ու բովանդակալից էր արշավը դեպի 13-րդ դարում հիմնադրված Տրդատավանք վանական համալիր: Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցություն ունեցան նաեւ գիտակների մրցույթին, սպորտային խաղերին, ճամբարի օլիմպիական խաղերին, «Ձեզ տեսնենք, աղջիկներ» եւ «Ձեզ տեսնենք, տղաներ» մրցութային ձեռնարկներին, ինչպես նաեւ ազգագրական երգերի ու պարերի փառատոնին: Լավագույն մասնակիցները խրախուսվեցին եւ պարգեւատրվեցին շնորհակալագրերով: Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր` բոլոր չորս Թեքեյան դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին իրենց ելույթներով: Նրանք մյուս ճամբարականներին ներկայացրին իրենց քաղաքների ու դպրոցների պատմությունը, այս ամենը համեմելով երգ ու պարով, ասմունքով ու կատակներով: Իսկ երեկոյան վառվեց հրաժեշտի խարույկը: Բաժանումը հուզիչ էր, լի արցունքներով եւ ջերմ խոսքերով. դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հոգատար «Արագածից», ուր իշխում են սերն ու բարությունը, ժպիտն ու ծիծաղը: Հուսանք, որ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» ծրագիրը, որն աշակերտներին պարգեւում է անկրկնելի հանգիստ, անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ, կլինի հարատեւ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր