Եվրո-2016. Իտալիան ծնկի բերեց իսպանացիներին. տեսանյութ
Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ խաղում Իտալիայի հավաքականը չափազանց հետաքրքիր ու դրամատիկ խաղում հաղթեց Իսպանիայի հավաքականին` 2:0:
Տիտանների այս հանդիպումը լիովին արժանի էր եզրափակիչ խաղին: Իտալացիները հենց խաղասկզբից տիրեցին առավելությանը և մեծ արագություններ հաղորդելով իրենց գրոհներին, կարողացան ի վերջո հասնել իրենց նպատակին. տուգանային խաղարկումից հետո հաշիվը բացեց Կյելինին: Դրանից հետո էլ իտալացիները մի քանի անգամ հիանալի պահեր ստեղծեցին, բայց գերազանց խաղաց Իսպանիայի դարպասապահ Դավիդ Դե Խեան:
2-րդ խաղակեսն արդեն իտալացիների դարպասապահ, մեծն Բուֆոնի բենեֆիսն էր: Չլիներ վերջինիս ֆանտաստիկ խաղը, իսպանացիները կարող էին ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև հաղթանակ տանել: Հատկապես տպավորիչ էր 2-րդ խաղակեսի վերջին վայրկյաններին Բուֆոնի հրաշք սեյվը Պիկեի հարվածից հետո:
Դրանից հետո իտալացիները արագ հակագրոհ ձեռնարկեցին և Պելլեն վերջակետ դրեց խաղին` 2:0: Իտալիան վրեժխնդիր եղավ 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչում իսպանացիներից կրած ծանր պարտության համար և արժանի հաղթանակ տարավ: Իսպանիան վայր դրեց Եվրոպայի չեմպիոնի իր լիազորությունները և ավարտեց այս մրցաշրջանում իր մրցելույթները:
Իսկ 1/4 եզրափակիչում Իտալիային նոր փորձություն կսպասվի` հանձինս աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի:
[b]Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
[/b]
Իտալիա - Իսպանիա՝ 2:0
Ջորջո Կյելինի, 33, Գրացիանո Պելլե, 90+2