211652_close_icon
views-count3143 դիտում article-date 16:39 24-06-2016

Արցախը ժողովրդավարական և ազատ երկիր է՝ պետականության բոլոր ինստիտուտներով. Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ նիստում

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ այսօրվա նիստում. «Հարգելի՛ գործընկերներ, Ապրիլի սկզբին Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմական գործողություններ սկսեց ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Գործի դրվեցին կործանարար նշանակության բազմաթիվ սպառազինություններ և զենքի տեսակներ, տանկեր, անօդաչու սարքեր, հրթիռներ, ականանետներ, ՏՕԶ-1 և այլն: Երկուստեք եղան զոհեր, հայկական կողմից՝ 94 զոհ: Ադրբեջանի նախագահը դրանով, ըստ էության, փորձ արեց երկարաձգել իր կոռումպացված իշխանությունը՝ շեղելով սեփական ժողովրդի ուշադրությունը ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից: Եղան հարձակումներ խաղաղ բնակչության վրա Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերում և այլ գյուղերում: Ազերիները հաշվեհարդար էին տեսնում արդեն իսկ մահացած մարդկանց հետ՝ կտրելով նրանց գլուխները, ականջները, մարմնի տարբեր մասերը, նույն կերպ էին վարվում և ողջ մարդկանց հետ: Սա ոչ այլ ինչ է, քան հակամարդկային և ֆաշիստական քաղաքականության իրականացում: Իհարկե, նրանք ստացան արժանի հակահարված ԼՂՀ պաշտպանության ուժերի կողմից, սակայն դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը և կազմակերպությունները չպետք է տան այդ ամենի իրավական և քաղաքական գնահատականը: Դա հստակ պետք է անել: Այն է՝ ով է առաջինը հարձակվել, ինչ է արել և ինչ զենքերով: Հարկավոր է նաև դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Չէ՞ որ դրա հետևանքների համար դեռևս պետք է պատասխանատվություն կրել: Կարծում եմ, որ Ադրբեջանն իր այդ քայլով ոտնահարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և խախտել է գործընթացի իրականացման տրամաբանությունը, ըստ էության, անտեսելով այն: Սա նույնպես պետք է գնահատականի արժանանա: Պետք է իրականացվի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն և արձանագրման գործընթացն ապահովող մեխանիզմների ներդրում, ինչը և փորձ էր արվում իրականացնել: Ադրբերջանական ագրեսիան այդ գործընթացը խափանելու փորձ էր: Մի բան ակնհայտ է, կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլըտրանք չունի: Արցախի հանրապետությունը ժողովրդավարական և ազատ երկիր է՝ պետականության բոլոր ինստիտուտներով: Այստեղ ապրում է աշխատասեր, կրթություն և գիտություն հարգող, հյուրասեր ժողովուրդ: Արցախի նախագահը և մյուս ղեկավարները ոտքով շրջում են քաղաքներում և գյուղերում, դեմքով և անունով ճանաչում են գրեթե բոլորին: Արցախի ժողովուրդն այլևս չի հանդուրժի ոչ մի անմարդկային ոտնձգություն իր արժանապատվության հանդեպ: Այդպես է եղել անցյալում, այդպես է հիմա, ապրիլյան օրերին, և միշտ այդպես կլինի: Երբ ճայթում է պատերազմը, այստեղ բոլորը զինվոր են, երեխաները, տարեցները, կանայք և, իհարկե, տղամարդիկ: Նրանց անհնար է ծնկի բերել: Ես՝ որպես քաղաքացի և ԱԺ պատգամավոր, զգուշացնում եմ որդի Ալիևին, որ հաջորդ անգամ պատասխանը լինելու է շատ ավելի հուժկու, քան պատկերացնում է»:

Նմանատիպ նյութեր