211652_close_icon
views-count1276 դիտում article-date 14:47 17-06-2016

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու փոխգործակցության զարգացման համար: Նշելով, որ հաջորդ տարի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների նորագույն պատմության մեջ հոբելյանական տարի է՝ նշվելու է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հայ-հնդկական հարաբերությունները զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման պայմաններում, որը դրսևորվել է նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ գրեթե նույնանման մոտեցումներով: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլն, առկա է մեծ ներուժ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի անմիջական մասնակցությամբ ու ակտիվ ջանքերով առաջիկա տարիներին Հայաստանը և Հնդկաստանը ձեռնամուխ կլինեն այդ ուժի բացահայտմանն ու լիարժեք իրացմանը: ՀՀ Նախագահը և Հնդկաստանի դեսպանը հեռանկարային են համարել փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, ենթակառուցվածքների զարգացում, կրթություն, մշակույթ, համագործակցության խորացումը և կարևորել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Դեսպան Յոգեշվար Սանգվանը վստահեցրել է, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Նմանատիպ նյութեր