Էդգարը տանից դուրս է հրավիրել հյուրին, որ կինը կրծքով կերակրի երեխային, ինչը ավարտվել է դանակահարությամբ
Արշակ Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ Էդգար Մկրտիչյանին պատճառել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ` առողջության տևական քայքայումով:
Այսպես` Արշակ Խլղաթյանը, գտնվելով Մասիս քաղաքի հանրակացարանում գտնվող Էդգար Մկրտիչյանի բնակարանում, վերջինիս և նրա ընկեր Սուրեն Սարգսյանի հետ օգտագործել են ոգելից խմիչք, որից հետո Էդգար Մկրտիչյանը պահանջել է Արշակ Խլղաթյանից դուրս գալ իր բնակարանից, որպեսզի բնակարանում գտվող իր կինը կարողանա կրծքով կերակրել երեխային:
Արշակ Խլղաթյանը, ցավագին ընդունելով Էդգար Մկրտիչյանի խնդրանքը` բնակարանից դուրս գալու վերաբերյալ, բարձրացել է նույն մասնաշենքի երկրորդ հարկում գտնվող իր բնակարան և վերցնելով խոհանոցային դանակը` կրկին իջել 1-ին հարկ, որտեղ բնակարանից դուրս է կանչել Էդգար Մկրտիչյանին և չնչին առիթով արված դիտողության համար վրեժ լուծելու նպատակով 1-ին հարկի միջանցքում դիտավորությամբ դանակով 3 անգամ հարվածել է Էդգար Մկրտիչյանի մարմնի տարբեր մասերին և դիմել փախուստի:
Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: