211652_close_icon
views-count2504 դիտում article-date 19:42 08-06-2016

Լեհաստանում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանին նվիրված մանկական նկարչական մրցույթում հաղթած լեհ երեխաների պարգևատրման արարողությունը

Հունիսի 6-ին Լեհաստանում Հայաստանի դեսպանատանը հյուրընկալվել էին Հայաստանին նվիրված մանկական նկարչական մրցույթում հաղթող ճանաչված երեխաները, նրանց ուսուցիչներն ու ծնողները: Մրցույթի շրջանակներում Լեհաստանի Բիեժուն քաղաքի թանգարանում ցուցադրվել են լեհ ճանաչված հոգևորական և լուսանկարիչ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. ձեռքի հեռավորություն» խորագրով լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները: Լեհաստանի տարբեր վայրերից բազմաթիվ դպրոցականներ այս ժամանակահատվածում այցելել են ցուցահանդես և իրենց տպավորություններով պատկերել Հայաստանին նվիրված նկարներ: Տեղեկանք. Հայաստանին նվիրված մանկական նկարչական մրցույթը մեկնարկել է ս.թ. փետրվարի 6-ին Լեհաստանի Բիեժուն քաղաքում տեղի ունեցած միջոցառմամբ, որը կրում էր «Հայկական օր» խորագիրը: Մրցույթը կազմակերպվել էր Բիեժունի քաղաքապետարանի, «Բիեժունի բարեկամներ» հասարակական կազմակերպության, ինչպես նաև Բիեժունի թանգարանի կողմից՝ Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Ընդհանուր առմամբ, Հայաստանին նվիրված նկարչական մրցույթին իրենց աշխատանքներն են ներկայացրել 151 երեխաներ` Լեհաստանի տարբեր քաղաքներից: Մասնագիտական ժյուրին ներկայացված աշխատանքները գնահատել է երեք տարիքային խմբերում (5-9 տարեկան, 10-12 տարեկան և 13-19 տարեկան), որոնցից յուրաքանչյուրի առաջին երեք տեղերը զբաղեցրած և հատուկ մրցանակների արժանացած երեխաներին պարգևատել են ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Ժուրոմինսկի շրջանային խորհրդի նախագահ Յեժի Ժիմովսկին, Սերբցի Մազովիեցկու թանգարանի տնօրեն Յան Ժեշոտարսկին, Բիեժունի թանգարանի տնօրեն Յեժի Պիոտրովսկին:

Նմանատիպ նյութեր