211652_close_icon
views-count1198 դիտում article-date 18:24 15-12-2022

Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման արարողությունը

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, պատվոգրերը հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը: Միջոցառմանը ներկա են եղել չինարենի ուսուցիչներ, դասախոսներ, աշակերտներ և ուսանողներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավանդաբար բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, որի լավագույն դրսևորումներից մեկը Հայաստանում չինական մշակույթի և լեզվի տարածմանը նվիրված այս միջոցառումն է:

«Չինարեն լեզվի և մշակույթի տարածման գործում մեծ է ուսուցիչների դերը: Չինաստանը հարուստ է մշակութային և պատմական ժառանգությամբ, ինչի մասին էլ մեր հայ երեխաներին պատմում և սովորեցնում են չինարենի ուսուցիչները: Հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա չինական մշակույթի և լեզվի նկատմամբ: Դրա վառ ապացույցն են Երևանում գործող Կոնֆուցիուսի կենտրոնը և Հայ-չինական բարեկամության դպրոցը: Յուրաքանչյուր տարի Հայաստանից ուսանողներ են մեկնում Չինաստան բարձրագույն կրթություն և գիտական աստիճան ստանալու նպատակով, ինչպես նաև Հայաստան են ժամանում Չինաստանի քաղաքացիներ հայկական բուհերում ուսանելու նպատակով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտապես աջակցում է բարեկամ երկրի դեսպանության գործընկերային առաջարկություններին»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝  շնորհավորելով  մրցանակների արժանացած ուսուցիչներին:

Միջոցառման մասնակիցները հանդես են եկել նաև երաժշտական կատարումներով՝ ներկայացնելով չինական մշակույթը:

Նմանատիպ նյութեր