«Սևիլյան» 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի Լիգան` կամային հաղթանակ տանելով «Լիվերպուլի» նկատմամբ. տեսանյութ
Ժամանակին անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Հարի Լինեկերն էր ասել. «Ֆուտբոլ խաղում են 22 հոգի, իսկ հաղթում են գերմանացիները»: Այդ առթիվ կարելի է ասել. Եվրոպայի լիգայում խաղում են մոտ 120 ակումբ, իսկ հաղթում է «Սևիլյան»: Իսպանական ակումբը ֆենոմենալ ռեկորդ սահմանեց` երրորդ անգամ անընդմեջ դառնալով Եվրոպայի Լիգայի հաղթող:
Բազելում կայացած եզրափակիչում ֆավորիտը համարվում էր Յուրգեն Կլոպի հրաշալի «Լիվերպուլը»: Առաջին խաղակեսում կանխատեսումները իրականանում էին. մերսիսայդցիները մեծ առավելություն ունեին, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, որոնցից մեկը պսակվեց Դանիել Սթարիջի ֆանտաստիկ գոլով:
Իսկ ահա 2-րդ խաղակեսում ամեն ինչ շուռ եկավ: «Սևիլյան» հենց մեկնարկում հավասարեցրեց հաշիվը, որից հետո «Լիվերպուլը» պարզապես քանդվեց: Իսպանացիները ոգևորված շարունակում էին ճնշում գործադրել մրցակցի վրա, կարողացան ևս երկու գնդակ ուղարկել Սիմոն Մինյոլեի պաշտպանած դարպասը և կամային հաղթանակ տարան` 3:1: Փայլուն և արժանի հաղթանակ:
«Սևիլյան» իր պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց այս գավաթը: Իսպանական ակումբը նաև միանգամից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց:
[b]Եվրոպայի Լիգա, Բազել, եզրափակիչ
[/b]
«Լիվերպուլ»-«Սևիլյա»` 1:3
Գոլերը` Սթարիջ, 35 – Գամեյրո, 46, Կոկե, 64, 70