211652_close_icon
views-count3068 դիտում article-date 20:55 13-05-2016

Հեռակոնֆերանս՝ Ռուսաստանի Օրենբուրգի մարզի «Տերյան» հայկական մշակույթի հասարակական հիմնադրամի և «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնի հետ

Մայիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Օրենբուրգի մարզի «Տերյան» հայկական մշակույթի հասարակական հիմնադրամի և «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնի մասնակցությամբ հեռակոնֆերանս, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հեռակոնֆերանսին Օրենբուրգից կապ հաստատեցին «Տերյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Աննա Օսեփյանը, ղեկավավարներ և ձեռնարկատերեր՝ Սամվել Հովհաննիսյանը, Գևորգ Սարգսյանը, Հարություն Վանյանը, Աշոտ Օրդուխանյանը, Միխայիլ Մարությանը, Արմեն Բաղդասարյանը, Արմեն Հովհաննիսյանը, ուսուցիչներ, գործարարներ: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ համայն հայության այսօրվա առաջին անհանգստացնող խնդիրը Արցախի և Հայաստանի սահմանի անվտանգությունն է: «Ուրախ եմ, որ ապրիլյան ծանր օրերին Օրենբուրգի հայ համայնքը նույնպես մեր կողքին կանգնեց և իր ներդրումը բերեց Արցախին օգնություն տրամադրելու հարցում: Մեր բանակը հզոր է և մարտունակ, ցանկացած պահի պատրաստ է հետ շպրտել թշնամու հարձակումները: Հայկական Սփյուռքը պետք է բոլոր հնարավոր միջոցները օգտագործի՝ Արցախի անկախությունը ճանաչելու գործում», - հավելեց գերատեսչության ղեկավարը: Նախարար Հրանուշ Հակոբյանը հաջորդիվ անդրադարձավ համայնքում հայապահպանության, մասնավորապես մայրենիի պահպանության խնդիրներին: «Մասնակցելով նախարարության հատկապես «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին և այցլելով Հայաստան՝ դուք ամենաիրական հնարավորությունը կստեղծեք ձեր և ձեր զավակների համար հայերենը սովորելու կամ կատարելագործելու, հայկական մշակութային արժեքներին ծանոթանալու համար: Այս տարի կանցկացվի նաև «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որը հայկական երգի ու պարի միջոցով հայ մնալուն ուղղված ծրագիր է: Մենք ակնկալում ենք, որ Օրենբուրգի հայ համայնքը ևս ակտիվորեն կմասնակցի փառատոնին», - նշեց նա: Գերատեսչության ղեկավարը հավելեց, որ նախարարությունն իրականացնում է Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման և տրամադրման աշխատանքներ: «Դուք ներկայացրեք, թե ինչպիսի գրքեր և որքան ուսումնաօժանդակ գրականություն է հարկավոր և մենք կտրամադրենք: Սիրով կիրականացնենք նաև Օրենբուրգում կազմակերպվող միջոցառումների մասին պատմող ձեր ուղարկած տեսանյութերը լրատվամիջոցների միջոցով ողջ հայկական աշխարհին տեղեկացնելու աշխատանքը, - նշեց նախարարը՝ հավելելով, - սիրելի՛ հայրենակիցներ, ձեր գործունեությամբ դուք ամրապնդում եք հայ-ռուսական բարեկամությունը: Հայաստան այցելելիս՝ անպայման եկեք ձեր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն, մենք պատրաստ ենք լսել և օգնել բոլոր հարցերում: Այսօր Հայրենիքում հաստատվել է շուրջ 20 հազար սիրիահայ, նրանք հաջողությամբ ինտեգրվում են մեր իրականությանը, սեփական բիզնեսը ստեղծում: Սիրիահայերն իրենց հետ աշխատանքային նոր մշակույթ բերեցին Հայրենիք և աչքի են ընկնում գործի հանդեպ առանձնահատուկ նվիրվածությամբ»: Այնուհետև Օրենբուրգից ելույթ ունեցավ «Տերյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց նախարարությանը՝ հեռակոնֆերանսը կազմակերպելու համար և նշեց. «Այս տարի մենք ավելի մեծ ջանքեր պիտի գործադրենք, որ հատկապես «Արի տուն» ծրագրին և «Իմ Հայաստան» փառատոնին Օրենբուրգից մեծ թվով պատանիներ ու երիտասարդներ մասնակցեն»: Հիմնադրամի գործադիր տնօրենն ընդգծեց, որ Օրենբուրգի «Նաիրի» հայկական մշակույթի կենտրոնը հիմանադրվել է 1992թ., իսկ 1998թ. մարզի Բուզուլուկ քաղաքում ստեղծվել է «ՆԻԳ հայկական համայնք» տարածքային հասարակական կազմակերպությունը: 2004թ. դեկտեմբերին Օրենբուրգում ստեղծվել է «Ազգային գյուղ» մշակութային միավորումը, որտեղ 10 ազգություններ` այդ թվում նաև հայերը, իրավունք են ստացել ստեղծելու իրենց ազգային օջախները: 2009թ. բացվել է Օրենբուրգի «Հայկական տունը», որտեղ գործում է հայկական կիրակնօրյա դպրոցը, թանգարանը, գրադարանը, մշակույթի կենտրոնը, «Արաքս» սրճարանը` ազգային խոհանոցով: Գևորգ Սարգսյանը հավելեց, որ այժմ աշխատանքներ են տարվում հայկական եկեղեցի կառուցելու ուղղությամբ: «Մենք այստեղից սրտատրոփ հետևում ենք Արցախյան հակամարտությանը, մեր փոքրիկ ներդրումը բերել ենք հայոց բանակին օժանդակելու ուղղությամբ և ուզում ենք հավաստիացնել, որ այդ օգնությունը շարունակական է լինելու», - նշեց նա: Քննարկվեցին Օրենբուրգի հայ համայնքի գործունեությանը, խնդիրներին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական մյուս ծրագրերին համայնքի ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր