211652_close_icon
views-count9978 դիտում article-date 17:26 10-05-2016

Պարզաբանում` Իսակով-Լենինգրադյան ավտոմայրուղու ցուցանակի վերաբերյալ

Մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու անվանակոչության կամ անվան փոփոխության հետ կապված Երևանի քաղաքապետարանին ուղղված բոլոր մեղադրանքները որևէ հիմք չունեն: Անհիմն են նաև բոլոր այն հայտարարությունները, թե իբր վերոնշյալ ավտոմայրուղին կրել է Մոնթեի անունը, իսկ Երևանի քաղաքապետարանը իբր դեմ է նման անվանակոչությանը և փողոցի ցուցանակից միտումնավոր ջնջել է անվանումը: Նման կարծիք հնչեցնող որոշ քաղաքացիների, նաև այդ համատեքստում «տեղեկատվություն» տարածող որոշ լրատվամիջոցների ու սոցցանցերի օգտատերերի պարզապես նախ հիշեցնեմ, որ ներկայումս մայրաքաղաքի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում գործում է Մոնթե Մելքոնյանի անվամբ հանրակրթական դպրոց, Մաշտոցի 52 հասցեում` նախկին սփյուռքահայերի հյուրատան դիմաց, Մոնթեի հիշատակին հուշարձան խաչքար է տեղադրված և այն գտնվում է վարչական շրջանի մշտական հոգածություն և խնամքի տակ։ «Հաղթանակ» զբոսայգում ևս տեղադրված է Մոնթեի կիսանդրին։ Ասել կուզի Մոնթեի հերոսական կերպարի նկատմամբ պատշաճ հարգանքի բացակայության վերաբերյալ քաղաքապետարանին ուղղված մեղադրանքներն առնվազն անտեղյակության արդյունք են: Ինչ վերաբերում է վերը նշված ավտոմայրուղու անվանակոչությանը, ապա նախ կրկին անգամ հիշեցնեմ, որ մայրաքաղաքում փողոցների, կրթամշակութային հաստատությունների և այլ անվանակոչությունները պահանջում են որոշակի իրավական գործընթացներ, իսկ անվանակոչությունների որոշումները կայացվում են Երևանի ավագանու կողմից: Ինչ վերաբերում է կոնկրետ Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու անվանակոչության հարցին, ապա տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու նկատառումով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ նշված ավտոմայրուղին Մոնթեի անունով անվանակոչելու մասին պաշտոնական որոշում չի կայացվել: Ավելին, նշված ճանապարհը դեռևս ավարտված չէ։ Համաձայն Երևանի Գլխավոր հատակագծի այն ունենալու է շարունակություն: Ինչ վերաբերում է ավտոմայրուղու արդեն կառուցված հատվածին, ապա նշեմ, որ դրա հարակից երկու հատվածները կառուցապատման ենթակա չեն և, ըստ այդմ, նաև հասցեավորման անհրաժեշտություն չի առաջանալու: Դալմայի այգիներին հարող հատվածը չի կառուցապատվելու, քանի որ այն համարվում է անտառային ֆոնդի հող և տնօրինվելու է այգեգործության նպատակով: Աջակողմյան հատվածը, որը բավականին հեռու է նշված ավտոմայրուղուց, ունի կառուցապատման գոտի, որի հասցեները կգրանցվեն Ծիծեռնակաբերդի խճուղով և Լենինգրադյան փողոցներով՝ այնպես, ինչպես Լենինգրադյան փողոցի կառուցապատված հատվածն է կոտորակներով հասցեավորվում որպես Լենինգրադյան փողոց։ Այս մասին, ի դեպ, դեռևս անցյալ տարի Երևանի ավագանու նիստերից մեկին հաջորդած հարց ու պատասխանի շրջանակում մանրամասն ներկայացվել է թե՛ ավագանու անդամներին և թե՛ հանրությանը: Ամփոփելով վերը նշվածը, ամրագրենք, որ Երևանի ավագանու կողմից վերոնշյալ ավտոմայրուղու անվանակոչության մասին որևէ որոշում չի կայացվել, ըստ այդմ նաև Մոնթեի անվան փողոց կամ պողոտա չկա: Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ ուղենշիչ ցուցանակները պատրաստվում և տեղադրվում են Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայության կողմից: Ի դեպ, այսօր շրջանառության մեջ դրված լուսանկարում առկա ցուցանակում տեղ գտած սխալը տվյալ ծառայության կողմից նկատվել է տեղադրելուց անմիջապես հետո՝ դեռևս մեկ տարի առաջ, ու անմիջապես էլ հեռացվել է նրանց կողմից՝ ապակողմնորոշիչ տեղեկատվությունից հանրությանը զերծ պահելու նկատառումով: Սույն հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է, որ ցուցանակից գրության հեռացումը որևէ կապ չունի ոմանց կողմից շահարկվող «անձնական մոտեցումների» կամ «որևէ մեկի ճաշակի» հետ, առավել ևս, երբ խոսքը Մոնթե Մելքոնյան հերոսի անվանն է առնչվում: [b]Գագիկ Բաղդասարյան[/b] [b]Երևանի քաղաքապետի խորհրդական[/b]

Նմանատիպ նյութեր