Ամերիկացի զինվորականը դատական հայց է ներկայացրել Բարաք Օբամայի դեմ
ԱՄՆ զինված ուժերի ծառայող Նաթան Մայքլ Սմիթը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ տարվող արշավի օրինականության հետ, հաղորդում է The New York Times-ը:
Ինչպես նշում է թերթը, Օբաման հայտարարել է, որ իրավունք ունի պայքարել ահաբեկիչների դեմ՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի փաստաթղթի հիման վրա, որին 2001 թվականի սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո հավանություն էր տվել Կոնգրեսը: Սակայն շատերի կարծիքով՝ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի իրականացրած արշավը դուրս է նրա թույլտվության սահմաններից:
Զինվորականի հայցադիմումում ասված է. «Խնդրում եմ ասել նախագահին, որ համաձայն ռազմական լիազորությունների մասին բանաձևի՝ նա պարտավոր է Կոնգրեսից համապատասխան լիազորություն ստանալ, որպեսզի պայքարի Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի դեմ»: