Պաշտոնական գործողումների ծախսերն ավելանալու են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ հասարակությունն այսօր քննարկում է սահմանի համար զենք ձեռք բերելու հնարավորությունները, իսկ ԼՂՀ կառավարությունը դիմել է համայն հանրությանը և աջակցություն է խնդրում, ՀՀ կառավարության ծախսերն այս տարի, պարզվում է, ոչ միայն չեն կրճատվել, այլև որոշ մասերով աճել են:
Օրինակ՝ կառավարությունն այս տարի նախատեսել է 20 մլն դրամ ծախսել օդային փոխադրումների՝ ավիատոմսերի համար, նախորդ տարվա 12 մլն-ի դիմաց: Ասել է թե՝ 8 մլն-ով ավելացել են ավիատոմսերի ծախսերը: Ընդ որում՝ պաշտոնական գործուղումներն իրենցից ենթադրում են այլ ծախսեր ևս:
Արտասահմանյան գործուղումների համար կառավարությունը այս տարվա փետրվար և մարտ ամիսներից տոմսերի պատվերների կենտրոնացված համակարգ է ներդրել, և պետական գերատեսչությունների բոլոր աշխատողները գործուղումների ուղևորվելու են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում՝ գնվելու է ամենաէժան տոմսը: Այս դեպքում առնվազն անհասկանալի է ավիատոմսերի գնման համար գումարի ավելացումը մոտ 65 տոկոսով:
Հիշեցնենք, որ նոր ընդունված կարգի համաձայն՝ նախարարները նույնպես ուղևորվելու են էկոնոմ դասի տոմսերով՝ բացառությամբ, եթե թռիչքի տևողությունը ութ ժամից ավելի է: Բիզնես կլասով ուղևորվելու են միայն Ազգային անվտանգության խորհրդի անդամները:
Հիշեցնենք, որ խնայողությունների անհրաժեշտությունից խոսող կառավարությունը անցյալ տարեվերջին լրացուցիչ 50 մլն դրամ հատկացրեց ԱԺ-ին՝ արտասահմանյան գործուղումների ճեղքվածքը փակելու համար:
Իսկ անցյալ տարվա մայիսին գործադիրը 60 մլն դրամով ավելացրել էր 2015 թվականի առաջին եռամսյակի գործուղումների համար նախատեսված գումարը, քանի որ նախատեսվածը քիչ էր եղել: Որոշմանը զուգահեռ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել էր ձեռնպահ մնալ այն գործուղումներից, որոնք կարևոր չեն: Այսինքն՝ մի կողմից ավելացվում են գործուղումների գումարները, մյուս կողմից՝ հնչում է կոչ, որն անհասկանալի է, ավելացված 60 մլն-ի ֆոնին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]