Դիեգո Սիմեոնեն ոչ մարզական արարքի համար որակազրկվել է 3 խաղով. տեսանյութ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին որակազրկել է երեք խաղով:
Նման որոշումը պայմանավորված է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Մալագայի» հետ խաղի (1:0) ժամանակ մարզչի արարքի հետ: Սիմեոնեն եզրագծին գտնվող երեխաներից մեկին հասկացրել է, որպեսզի վերջինս մրցակցի վտանգավոր գրոհի ժամանակ գնդակը խաղադաշտ նետի:
Հանդիպման գլխավոր մրցավար Միգել Լաոսը Սիմեոնեին հեռացրել է դեպի տրիբունա: Արգենտինացի մասնագետը պատժվել է հանդիպման ընթացքը խաթարելու համար:
«Ատլետիկոն» պնդել էր, որ երեխան ինքնուրույն է երկրորդ գնդակը խաղադաշտ նետել, սակայն կարգապահական կոմիտեն այդ տեսակետը չի ընդունել: