Էստոնիայի ազգային երգչախումբը համերգով հանդես կգա Երևանում
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի` ս. թ. ապրիլի 25-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Գրեմմի» և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների արժանացած՝ Էստոնիայի ազգային արական երգչախմբի համերգով (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Միկ Ուլեոյա):
Նշենք, որ երգչախումբը հանրահռչակում է հայ հոգևոր երաժշտության գանձերն իր համերգային ծրագրերում` մշտապես ընդգրկելով հայ կոմպոզիտորների գլուխգործոցները:
Հայաստանում արդեն երկրորդ անգամ հյուրընկալվող երգչախումբը կկատարի` Կոմիտասի, Մարտ Սաարի, Ալեքսանդր Լաատեի, Կոնստանտին Տուուրնպուի, Գեյվին Բրայարսի, Հենրիկ Օդեգաարդի, Ջովաննի Բոնատոյի, Գալինա Գրիգորևայի ստեղծագործությունները:
Աշխարհահռչակ երգչախումբը երևանյան համերգից առաջ, ապրիլի 23-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, հանդես է եկել Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: