211652_close_icon
views-count3424 դիտում article-date 20:36 24-04-2016

Կամչատկայի հայ համայնքը նշել է Հայոց ցեղասպանության 101-ամյակը

Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի մասնաճյուղը հիմնադրվել է 2015 թ. մայիսի 21-ին և անցած մեկ տարում զգալի աշխատանքներ է իրականացրել ինչպես համայնքի ազգային համախմբման, այնպես էլ երկրամասի հասարակական-մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում երկրամասի կենտրոն Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքում տեղադրվել է խաչքար, որն արդեն դարձել է յուրօրինակ ուխտատեղի: Համայնքային կառույցի հասարակական ակտիվությունն ընդգծվում է երկրամասային և քաղաքային իշխանությունների կողմից, որը մեծապես պայմանավորված է կառույցի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Խաչատրյանի գործունեության հետ: 2015 թ. ապրիլի 18-19-ը, Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ, Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի մասնաճյուղի և Վիտուս Բերինգի անվան Կամչատկայի պետական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեց միջազգային գիտագործնական կոնֆերանս «Միջազգային իրավունք. խնդիրներ ու հեռանկարներ» թեմայով: Կոնֆերանսին զեկուցումներով հանդես եկան Վլադիմիր Հովհաննիսյանը (իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ), Հովհաննես Ալեքսանյանը (ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող) և Լև Լազուտինը (իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուրալի պետական իրավաբանական համալսարանի ամբիոնի վարիչ, ՌԴ դատախազության պատվավոր աշխատակից): Կոնֆերանսին հրավիրված մասնագետները ներկայացրեցին հետևյալ զեկուցումները ●Ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն և դրա հետևանքները, ●ՌԴ և ՀՀ միջազգային-իրավական հարաբերությունները. պատմություն և արդիականություն, ●Միջազգային հումանիտար իրավունքը. երեկ, այսօր, վաղը: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին Հայոց Մեծ Եղեռնի և մյուս ցեղասպանությունների միջազգային-իրավական ճանաչման, դատապարտման ու փոխհատուցման խնդիրները, միջազգային հումանիտար իրավունքի հարցեր, հայ-ռուսական հարաբերությունների պատմության ու արդիական հիմնահարցերը: Կոնֆերանսին մասնակցեցին երկրամասի տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ ու դասախոսներ, քաղաքային և երկրամասային իշխանության ներկայացուցիչներ, որոնք շեշտադրում էին Կամչատկայում բնակվող ազգային փոքրամասնությունների համերաշխության ու ստեղծագործ աշխատանքի ապահովման կարևորությունը: Կոնֆերանսի աշխատանքների ավարտին ընդունվեց բանաձև, որում մասնակիցները կոչ հղեցին պահպանելու միջազգային իրավունքը, հարգել մարդու իրավունքները, հրաժարվել ուժի ու բռնության կիրառումից ինչպես որևէ պետության, այնպես էլ որևէ առանձին էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբի նկատմամբ: Կոնֆերանսի մասնակիցների պատվիրակությանն ընդունեց Կամչատկայի երկրամասի Օրենսդիր ժողովի նախագահ Վ. Ռաենկոն, որի հետ քննարկվեցին ՀՀ ԲՈւՀ-երի հետ կրթական, գիտական և մշակութային համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում դրվատանքի խոսքեր հնչեցին Կամչատկայում բնակվող շուրջ 2.5 հզ մարդ կազմող հայ համայնքի և համայնքային կառույցի գործնական ու արդյունավետ ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվել են երկրամասում: Կամչատկայի հայ համայնքն այսօր մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառմանը՝ խնկարկելով Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում զոհ գնացած 1.5 մլն հայերի հիշատակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր