211652_close_icon
views-count2947 դիտում article-date 23:55 25-04-2016

Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում հայ համայնքը կազմակերպել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված արարողություն

Ապրիլի 24-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում ՀՀ դեսպանությունը և հայ համայնքը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված արարողություն: Միջոցառմանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարները և համայնքի ներկայացուցիչները: ՀՀ դեսպանն իր ելույթում նշեց, որ 101 տարի առաջ Թուրքիայի կողմից ծրագրված հայ ազգի ոչնչացումը իր նպատակին չհասավ, և հայ ազգը այսօր էլ հզոր է և միասնական, ինչի վառ ապացույցն է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ հայ ազգի համախմբումն ու միասնականությունը: Իր խոսքում դեսպանը նաև ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ազգի պայքարը պետք է լինի՝ պատմական արդարության վերականգնման գործում, այլ համայն աշխարհի, որպեսզի նման դաժան հանցագործությունները այլևս երբեք չկրկնվեն: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հայ ազգը երբեք չի շեղվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ճշմարիտ ուղուց:

Նմանատիպ նյութեր