1865 դիտում
18:06 24-04-2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին
«Գլոբալ ֆորումի հարգարժան մասնակիցներ, համաշխարհային երկրորդ պատերազմից հետո աշխարհի քաղաքական գրականության մեջ տարածված տերմիններից մեկը «Ցեղասպանություն»-ն է: Համաշխարհային երկու պատերազմները պատճառ դարձան, որպեսզի միջազգային հանրությունը ավելի լուրջ ուշադրություն դարձնի այդ երեւույթին դիմագրավելու եւ նրա դեմ պայքարելու մեխանիզմներին:
Ցեղասպանությունը համարվում է միջազգային ամենազազրելի հանցագործություններից մեկը, այսպես ասած «crime of the crime», որը խոր ազդեցություն է գործել մարդկային խղճի վրա: Այն իր մեջ ներառում է ծանր հանցագործությունների գրեթե ամբողջ ցուցակը` սպանություն, բռնաբարություն, երեխաների սպանություն, ստրկավաճառություն, բռնի տեղահանում, ուրիշի գույքին ապօրինի տիրացում կամ ոչնչացում, մշակութային արժեքների ոչնչացում եւ այլն. մի խոսքով` այն իր մեջ ներառում է համարյա ամբողջ քրեական օրենսդրությունը:
Ցեղասպանությունը, իսկ որոշ երկրներում նաեւ ցեղասպանության ժխտումը, ընդգրկված է քրեական օրենսդրություններում: Ուստի ցեղասպանությունը նախ եւ առաջ ոչ թե պատմական երեւույթ է, այլ իրավական խնդիր: Հետեւաբար հանցագործության համար պատասխանատվության ենթարկելը պետք է հանդիսանա մարդկության առաջնային խնդիրներից մեկը, որի նպատակն է սոցիալական արդարության վերականգնումը եւ նմանատիպ հանցագործությունների կանխումը:
Ինչպես առանձին անձանց սպանությունը, այնպես էլ ցեղասպանությունը չի կարող որեւէ կերպ արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով: Մի ամբողջ ժողովրդի սպանությունը եւ, թերեւս ամենասուրբ իրավունքից` կյանքի իրավունքից զրկումը, ուղղված է ոչ միայն զոհ դարձած ժողովրդի, այլեւ համայն մարդկության դեմ` վտանգի տակ դնելով ցանկացած ժողովրդի կամ նրա մի մասի գոյության, կյանքի եւ արժանապատվության իրավունքը:
Ցեղասպանությունների ժխտման քրեականացումը երբեմն գնահատվում է որպես խոսքի ազատության սահմանափակում: Սակայն խոսքի ազատության իրավունքը չպետք է ուղղված լինի այլ իրավունքների ոչնչացմանը կամ արժեզրկմանը, իսկ ցեղասպանության ժխտումը ոտնահարում է միջազգային բոլոր հումանիտար արժեքները եւ ոտնահարում ցեղասպանության զոհ դարձածների ու նրանց հետնորդների արժանապատվության, սոցիալական արդարության վերականգնման իրավունքները:
Ցավոք, ցեղասպանությունների դեմ պայքարը ժամանակակից աշխարհում չափից ավելի քաղաքականացված է, որը հնարավորություն չի տալիս իրագործել ժխտողականության դեմ պայքարի, սոցիալական արդարության եւ խեղված իրավունքների վերականգնման, ինչպես նաեւ ցեղասպանության վտանգի տակ հայտնվող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների արդյունավետ պաշտպանության ու անվտանգության հարցերը: Ցեղասպանություն վերապրած ժողովուրդները, կարծում եմ պետք է զգան համաշխարհային հանրության միանշանակ աջակցությունն այս հարցում, թեկուզեւ դա միայն իրենց խնդիրը չէ: Մենք շատ հաճախ ենք լսում խորհրդարանական հարթակներում, որ պետք է պայքարել ցեղասպանությունների կանխարգելման համար եւ պետք է միավորել ջանքերը: Ժամանակակից աշխարհի ուշադրության հարց է միասնական անվտանգությունն ու օրեցօր ահագնացող սպառնալիքների դեմ պայքարը, պետությունների հակաահաբեկչական ջանքերն ու դրանց միավորման անհրաժեշտությունը: Եվ տրամաբանական է, որ այս պարագայում պետք է ճանաչվեն ու դատապարտվեն բոլոր տիպի ցեղասպանական հանցագործությունները: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, մենք հաճախ են լսում հետեւյալը «այո հայոց ցեղասպանությունը եղել է, մենք դա չենք ժխտում, բայց մենք ունենք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ»: Իսկ ինչ է այն մի քանի տասնյակ պետություններն, ովքեր ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, չունեն արդյոք լավ հարաբերություններ թուրքիայի հետ: Կամ ներկայումս ի՞նչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ, արդյո՞ք դա ցեղասպանության սպառնալիք չէ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Կամ այն ինչ տեղի է ունեցել եւ շարունակվում է ունենալ Մերձավոր Արեւելքում ԴԱԵՇ-ի կողմից ցեղասպանական ակտեր չե?ն այնտեղ բնակվող կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:
Հարգելի գործընկերներ, ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում եթե մենք դատապարտումն ու ժխտողականությունը դարձնենք քաղաքական նպատակահարմարության հարց եւ դրանով պարարտ հող ստեղծենք, ուրեմն պետք է նաեւ պատրաստ լինենք նոր հնարավոր ցեղասպանական ակտերի: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե որ ազգին, կամ էթնիկ խմբին այն բաժին կհասնի:
Անվտանգ ու խաղաղ ապրելն այսօր դարձել է բոլոր ժողովուրդների ու պետությունների առաջնահերթությունը: Մարդկության պատմությունը արյան գնով հաղթահարել է բազմաթիվ էջեր, ինչպիսիք են Օսմանյան կայսրությունը, որը չարիք դարձավ հույների, ասորիների, հայերի, Փոքր Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի մյուս ժողովուրդների համար, ֆաշիզմը՝ որը չարիք դարձավ հրեաների եւ եվրոպայի շատ ժողովուրդների համար, տարբեր տիպի ռեժիմներն ու ահաբեկչական խմբավորումները, որոնց գործողությունների թիրախում հայտնվեցին Դարֆուրի, Կամբոջայի, Ռուանդայի ժողովուրդները եւ այսօր էլ շարունակում են գտնվել տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունները Մերձավոր Արեւելքում:
Սրանք մարդկության պատմության կողմից բացթողնված, կամ որոշ դեպքերում ցավոք անտեսված էջեր են, որոնց անդրադառնալը մեծ անհրաժեշտություն է:
Հարգելի բարեկամներ, երեւանյան գլոբալ ֆորումի այս հարթակը ժամանակի ընթացքում կարող է դառնալ միջազգային կարեւոր հարթակներից մեկը, որն ունի հստակ ու անհրաժեշտ առաքելություն՝ հանուն խաղաղ ու անվտանգ գոյակցության: Ոչ մի ժողովուրդ այսօր ապահովագրված չէ սպառնալիքներից ու ոտնձգություններից, հետեւաբար բոլորն էլ ունեն համատեղ գործելու, միմյանց հասկանալու եւ միասին պայքարելու անհրաժեշտություն»:
Նմանատիպ նյութեր
2557 դիտում
11:36 23-04-2016
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը
2581 դիտում
18:07 23-04-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում
Այս բաժնից
760 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
631 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
433 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը