211652_close_icon
views-count18968 դիտում article-date 22:48 08-04-2016

«Ուշացած զինվորը»․ Արայ Զարգարեան

Իսկ ո ՞վ է հայտարարել, որ արևածագը օրվա սկիզբն է։ Միգուցե մեզ խաբում են ու օրվա սկիզբն ու վերջը մեր փոխարեն ուրիշներն են որոշում։ Պայուսակը ծանր էր, կարծես իր կյանքն էր տեղափոխում Ա կետից Բ կետը։ Արև կար։ Մի տեսակ հաճելի ու տրամադրող արև։ Առավոտյան աղաղակները սովորականից տարբերվում էին։ Աքաղաղները լռել էին։ Նրանք չէին ցանկանում ցույց տալ, որ ամեն ինչից անտեղյակ՝ իրենք են հայտարարում օրվա գալուստը։ Փողոցում վազվզող երեխաների համար տհաճ էր այս օրով դպրոց գնալ: Քայլում էր լուռ ու միայն ինքը չէր աղմկում։ Երևի մտածում էր՝ իմաստ կա՞ լուսաբացին գնալ դպրոց։ «Այս ժամին արթուն են միայն զինվորներն ու մենք՝ երեխաներս, որ դատապարտված ենք հավիտյան արթուն մնալուն՝ զինվոր դառնալուն»։ Ճանապարհը նեղ արահետ էր թվում։ Ուղղակի թվում էր։ Միայն հաղթահարելուց հետո կարելի է նստել ու հանգստանալ։ Պայուսակը գնալով ծանրանում էր։ Երեխայի գլխի վրա սպիտակ բծեր նկատեցի։ Երևի ինձ ուղղակի թվում էր… Աղմուկը գնալով ավելի սաստկացավ։ Արդեն ձանձրացել էր այս վիճակից ու չէր ցանկանում երեխա լինել։ Ի՞նչ իմաստ կա արթուն մնալ ու լինել երեխա, եթե կարելի է արթուն մնալով հանդերձ ավելի օգտակար գործ անել։ Արևը սկսեց վառել երեխայի դեմքը։ Օրվա ընթացքը մեկնարկել էր։ Զինվոր էր ուզում դառնալ։ Պայուսակը ուսերից սահեցրեց ներքև։ Բոլորը դպրոցում էին արդեն։ Փողոցում ամայություն էր։ Նկատեց, որ կոշիկները փոշոտ են։ Պայուսակը հանեց ուսերից ու նետեց մի կողմ։ Անհնար էր քարշ տալ այդքան ծանր ու մեծ պայուսակը։ Խոնարհվեց հողին ու մաքրեց կոշիկները։ Անցյալի ու ներկայի մանուկների աղմուկները պատեցին փողոցը։ Զինվորները այս ու այն կողմ էին վազում։ Մտածում էր՝ գնա տուն ու զինվոր դառնալուց առաջ համբուրի քնած մորը ու բարկանա, որ արթուն չէ այս ժամին։ «Մաաաաա՜մ… » Ոչ ոք ձայն չհանեց։ Պայուսակը լուռ ընկած էր։ Չէր շնչում ու անտարբեր էր։ Հիշեց, որ ուզում է զինվոր դառնալ։ Ժամանակ չճանաչող աղմուկը պայթեց։ Բոլորը խլացան զանգի ձայնից։ Երեխաները աղմուկով վազեցին դեպի փողոց։ Ճանապարհի աջակողմյան մասում պայուսակ էր ընկած։ Չկարողացան գետնից վերև բարձրացնել։ «Վաղինա՞կ»․․․․ Լսվեց կնոջ ձայն։ Նա չգիտեր, որ արևածագին օրը վերջանում է։ Հ․Գ․ Նվիրում եմ Վաղինակին, ով մահացավ 2016 թվականի ապրիլի երկուսին Արցախում դպրոց գնալու ճանապարհին Նյութի աղբյուրը՝ [url=http://www.qayl.am/ushacac-zinvor-ara-zargarean/]www.qayl.am[/url]

Նմանատիպ նյութեր