211652_close_icon
views-count2307 դիտում article-date 16:59 06-04-2016

Կլուծվի աղետի գոտու անօթևան 183 ընտանիքի բնակարանային խնդիրը

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Ըստ հիմնավորման՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 5363 ընտանիքից 2016թ. սկզբի դրությամբ դեռևս կարգավորված չէ մոտ 920 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիր, որի լուծմանը նախատեսվում է անդրադառնալ 2016-2017թթ. ընթացքում՝ փուլային մոտեցման կիրառմամբ: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին առաջնահերթ կարգով անդրադառնալ 183 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծմանը, որոնցից մոտ 100-ը՝ Գյումրիում, 50-ը՝ Սպիտակում, իսկ 33-ը՝ Ախուրյան համայնքում (պետբյուջեով միջոցներ են նախատեսվել ևս 104 ընտանիքի համար Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման համար): Սահմանվում են նաև այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ուղղությունները, մասնավորապես՝ առաջարկվում է Գյումրիում և Ախուրյանում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակապահովման խնդիրը լուծել բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ, իսկ Սպիտակում ծրագրի շահառու ճանաչված և մեկ սենյակի հավակնող ընտանիքներինը՝ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ: 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում դեռևս լուծման կարիք կունենա ծրագրի շահառու ճանաչված մոտ 633 ընտանիքի բնակարանային խնդիր: Դրա հետ մեկտեղ, կարգավորման կարիք կունենա Գյումրի քաղաքում ամբողջական փաստաթղթային փաթեթներ ներկայացրած, սակայն ծրագրի շահառուների ճանաչման գործընթացի ժամանակ հանրապետությունից բացակայած մոտ 24 ընտանիքի բնակապահովման խնդիրը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընդունված որոշումը և հանձնարարել քաղաքաշինության նախարարին հետամուտ լինել ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու և որակով իրականացնելու հարցում: Գյումրու տարածաշրջանում երկաթուղու արտադրական տարածքներում բնակություն հաստատած ընտանիքների վերաբնակեցման (տարհանման) խնդիրը լուծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ նախատեսվում է տեղափոխել բնակիչների վերաբնակեցման ժամկետը (մինչև նոյեմբերի 1-ը)՝ հաշվի առնելով, որ Գյումրու քաղաքապետարանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համատեղ աշխատանք կտանեն նշված բնակիչների վերաբնակեցման գործընթացն ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր