211652_close_icon
views-count30901 դիտում article-date 15:53 05-04-2016

SHAMSHYAN.com-ի հրապարակմանն արձագանքել է Գագիկ Բեգլարյանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն արձագանքել է այսօր հրապարակված «Գագիկ Շամշյանի խնդրանքը՝ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին. այս ձևով օգնենք վիրավոր զինվորներին» հրապարակմանը, որում ասված է. «Մամուլում այսօր մտահոգություն է հայտնվել Երևանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում առկա վիճակի առնչությամբ, որը Արցախից Երևան վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաների համար վթարների պատճառ է դառնում։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ պակաս մտահոգ չէ նշված ճանապարհահատվածի վիճակով, սակայն ձյան և մերկասառույցի պայմաններում հնարավոր չէր իրականացնել վերանորոգման և փոսալցման աշխատանքներ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հանձնարարությամբ նախարարության պաշտոնատար անձինք և ճանապարհաշինարարները տեղում արտակարգ ռեժիմով իրականացնում են հնարավոր բոլոր աշխատանքները՝ խցանումներ թույլ չտալու և երթևեկության ավտանգությունն ապահովելու համար։ Նախարարությունն արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում փոսալցման աշխատանքներն անմիջապես սկսելու համար։ Տեղեկացնենք նաև, որ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհը, որի մի մասն է կազմում Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ընդգրկված է ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության ապահովման 2016թ. ծրագրում»։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/05/81550/]հայտնել [/url]էր, որ այս օրերին ծանրաբեռնված վիճակ է նաև Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ մեզ հայտնի պատճառներով: Գորիս-Սիսիան ավտոճապարհի մարդաբոյ փոսերը պատճառ են դառնում վթարների՝ Արցախից Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաների վարորդների համար: Եթե նախկինում նշված ճանապարհահատվածն անցնում էին մի քանի րոպեում, ապա հիմա շտապօգնության մեքենաները վիրավորներին ռեանիմոբիլով տեղափոխում են 1,5 ժամվա ընթացքում: Խնդրում ենք Կապի և Տրանսպորտի նախարարությանը, որպեսզի գոնե այդ հատվածում կատարվեն ճանապարհի փոսալցման աշխատանքներ, որպեսզի շտապօգնության մեքենաները կարողանան օպերատիվորեն վիրավորներին հասցնել հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր