Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ապրիլի 4-ին, Ստեփանակերտից Թալիշ մեկնելու ճանապարհին` Թալիշի վարչական տարածքում, դաշտամիջյան տարածքում ազերի բաշիբոզուկների կողմից օգտագործվել է անօդաչու սարք, որով ռմբակոծվել են դաշտում գտնվող քաղաքացիներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ռմբակոծման հետևանքով մահացել են 7 հոգի, որից 6-ը Սիսիանից են, իսկ մեկը Կապանից: Կա 7-ից ավելի վիրավորներ: Մահացածներն ու վիրավորները Սիսիանի կամավորական ջոկատներից էին և մեկնում էին Թալիշի պաշտպանական դիրքեր: Մահացածներից 2-ը գյուղապետեր են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նրանցից մեկը Դարբասի գյուղապետ, 56-ամյա Մայիս Միրզոյանն էր, մյուսը` Ախլաթյան գյուղի գյուղապետ Արմեն Բեգլարյանն էր:
Խմբի անդամներից «Աշոտ Երկաթ» մականվամբ Աշոտ Մինասյանը կարողացել է վնասազերծել անօդաչու սարքը և ըստ տեղեկությունների` մահացածներն ու վիրավորները «Աշոտ Երկաթ» խմբից էին:
Թալիշ է ժամանել անձամբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով տեղում Արցախի պաշտպանության բանակի և Արցախի կառավարության անդամների հետ աշխատանքներ են տանում դիերը դիահերձարան տեղափոխելու, վիրավորներին հիվանդանոցներ հասցնելու ուղղությամբ:
Այսօր ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Մարտակերտի ուղղությամբ մեծ թվով շտապօգնության ավտոմեքենաներ են ժամանում, պարզվեց, որ նրանք ժամանում էին Թալիշ` նշված դեպքի վայր: Արցախի կառավարությունը պարզում է մահացածների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի