Եվրոդատարանի որոշմամբ Ուկրաինան երկրի նախկին նախագահ Յանուկովիչին կվերադարձնի 240 հազար եվրո
Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա որդիների՝ Ալեքսանդր և հանգուցյալ Վիկտոր Յանուկովիչների, ըստ որի Ուկրաինայի իշխանությունները վերջիններիս պետք է վերադարձնեն մոտ 240 հազար եվրոն՝ կապված նրանց ունեցվածքի վրա դրված կալանքի և հայցային ծախսերի հետ, հաղորդում է rosbalt.ru-ն:
«Ուկրաինական իշխանությունների խնդրանքով ԵՄ խորհուրդը մի շարք անհիմն կալանքի տեսքով պատժամիջոցներ է կիրառել, սակայն երաշխավորել է դատարանում նման որոշման բողոքարկումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը:
Հիշեցնենք, որ 2014 թ-ի փետրվարին, Եվրամայդանի բռնկման թեժ պահին Վիկտոր Յանուկովիչը լքեց երկիրը: Ավելի ուշ Գերագույն Ռադան նրան հեռացրեց պաշտոնից, փոփոխեց Սահմանադրությունը և նոր նախագահական ընտրություններ նշանակեց, որում հաղթանակ տարավ ներկայիս նախագահը՝ Պյոտր Պորոշենկոն: