Հանրային խորհրդի ցավակցական ուղերձը` անվանի երգիչ Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ
Հայկական օպերային արվեստը կորցրեց իր վառ աստղերից մեկին: Այսօր` մարտի 23-ին, կյանքից անժամանակ հեռացավ հայ օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
Նա հայ և համաշխարհային օպերային արվեստի այն հեղինակավոր ներկայացուցիչներից էր, որը հպարտություն էր բերում ոչ միայն իր ազգին ու պետությանը, այլև բարձր էր գնահատվում մեր երկրի սահմաններից դուրս` ճանաչվելով 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը: Նրա ձայնը հնչում էր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում ու համերգասրահներում՝ հիացնելով հայ և օտարազգի արվեստասերներին:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի երգչի հարազատներին, գործընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին, կիսում նրանց վիշտը:
[b]ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան [/b]


