211652_close_icon
views-count2549 դիտում article-date 22:33 10-03-2016

Աթենքում կբացվի «Հա­յաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսը` երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո

Հայ-հունական մշակութային համագործակցության շրջանակներում ս. թ. մարտի 14-ին, Աթենքում` «Բյուզանդական և քրիստոնեական ար­վեստի» թանգարանում կբացվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որը կազ­մակերպվել է երկու երկրների Նախագահների բարձր հովանու ներքո, կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Արիստիդիս Բալտասը՝ Հայաստանի և Հունաստանի Նախագահների մասնակ­ցությամբ: Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկում՝ 260 քառ. մետր տա­րածքի վրա, 3 բաժնից բաղկացած և բացառապես Հայաստանի պատմու­թյան թանգարանի ցուցա­նմուշ­ներից (104 առարկա) կազմված ցուցահանդեսն ընդգրկում է բրոնզե դարից մինչև XX դարն ընկած ժամանակահատվածը: Ցուցահանդեսում ներկայացված առարկաները վաղ հողագործության, մետաղագործության, խեցեղենին, արհեստներին ու արվեստին վերաբերող եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական ար­վեստի առարկաներ` Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջան­ներից: Համաձայն հայեցակարգի` առաջին բաժնում կներկայացվի հայկական քաղաքակր­թությունը վաղ բրոնզե դարից մինչև 20-րդ դարը, երկրորդում՝ հանրությունը հնարավարություն կունենա ծանոթանալ հայկական մշակույթի դերակատարությանն ու դիրքավորմանը՝ փո­փոխվող աշխարհում: Վերջին 3-րդ բաժ­նում, որը կրում է «Կոչեմ ապրողաց» խորագիրը և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կխոսվի տարագիր գերդաստանների և մշակու­թային եղեռնի մասին: «Հա­յաստան. Արարատի ոգին» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վկայելու Հայաստանի մշտառկա ներկայությունն ու ներդրումը համաշ­խարհային քաղա­քակրթության մեջ՝ պահպանելով պատմության փաստագրական և ժամանակագրական սկզբունքները, վերաստեղծելով հոգևոր արժեքների յուրա­հատուկ տարեգրությունը: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ անգլերեն լեզ­վով տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, ինչպես նաև հունարեն ու ան­գլե­րեն լեզուներով ցուցահանդեսի մասին պատմող այլ տեղեկատվական նյութեր: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մայիսի 31-ը:

Նմանատիպ նյութեր