211652_close_icon
views-count2436 դիտում article-date 17:34 06-03-2016

Այսօր Երևանում և ՀՀ մարզերում ավելի քան 3100 դպրոցականներ իրենց գիտելիքները ստուգեցին հանրապետական օլիմպիադայում

«ԵՊՀ օլիմպիադան» անցկացվում է 2009 թ.-ից: Այն նախաձեռնել և մինչ օրս իրականացնում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը: Ամենամյա օլիմպիադային մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ: Նպատակն է բարձր դասարաններում սովորողներին հնարավորություն ընձեռել ընդունելության քննություններից առաջ ստուգելու իրենց գիտելիքներն ու պարզելու ընդունակությունները: Այս տարի աշակերտներն իրենց ուժերը փորձեցին հանրակրթական 13 առարկաների գծով (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք): Ամենաշատը հայտագրվել են հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, կենսաբանություն և անգլերեն առարկաների համար: Ընդհանուր առմամբ՝ օլիմպիադային ամենաշատը հայտագրվել են Երևանի, Գյումրիի, Իջևանի և Արարատի մարզերի դպրոցականները: Բոլոր մարզերում աշխատանքները համակարգել են ԵՊՀ մարզային ներկայացուցիչները և բուհի դասախոսներ: Օլիմպիադայի անցկացմանը հետևում էր նաև ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Պրոռեկտորը մեզ հետ զրույցում նշեց, որ Մայր բուհը մշտապես կարևորել է օլիմպիադաների անցկացումն ու դրանց արդյունավետությունը. «Մենք այն դիտում ենք որպես մինչհամալսարանական կրթության ոլորտում աշխատանքների անցկացման կարևորագույն բաղադրիչ, քանի որ հազարավոր դիմորդների հնարավորություն ենք տալիս փորձելու իրենց ուժերը: Առաջիկայում անցկացվելիք գիտխորհրդի նիստում էլ մենք կքննարկենք նաև հաղթող աշակերտներին խրախուսելու հարցը»: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը նշեց, որ այս տարվանից սկսած՝ «ԵՊՀ օլիմպիադան» անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլի հաղթողները մարտի 26-ին կմասնակցեն օլիմպիադայի երկրորդ փուլին: Հետադարձ հայացք նետելով անցած 8 տարիներին՝ պարոն Գալստյանը նկատում է՝ տարեցտարի որակական աճ է արձանագրվում. «Պետք է նշեմ, որ օլիմպիադայում հատկապես աչքի են ընկնում այն դպրոցները, որոնց հետ մենք ունենք ստորագրված համագործակցության պայմանագրեր և համաձայնագրեր: Փորձը ցույց է տալիս, որ օլիմպիադայի առաջին, երկրորդ և երրորդ կարգերի դիպլոմակիրների կեսից ավելին դիմում է ԵՊՀ, իսկ ահա համալսարան ընդունված նորաթուխ համալսարանականների կեսից ավելին էլ սովորում է անվճար ուսուցման համակարգում, ինչը մեծ ձեռքբերում ենք համարում»: Տեղեկացնենք նաև, որ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենան ապրիլի 11-ին ԵՊՀ մեծ դահլիճում: Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, գովասանագրեր, ինչպես նաև Մայր բուհի կողմից կպարգևատրվեն գրքերով ու դիմորդի ուղեցույցներով:

Նմանատիպ նյութեր