211652_close_icon
views-count1834 դիտում article-date 19:23 02-03-2016

Կառավարությունը խթանում է այգեգործությունը՝ որպես գերակա ուղղություն. Արցախի Հանրապետության վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին այցելել է Մարտունու շրջան և ներկա գտնվել Խնուշինակի, Գիշու և Սպիտակաշենի համայնքապետների՝ 2015թ. տարեկան հաշվետվությունների ներկայացմանը: Համայնքների ղեկավարները, ներկայացնելով անցած տարվա գործունեության արդյունքները, ընդգծել են համայնքային նշանակության ձեռքբերումները և խնդիրները: Բոլոր համայնքներում համընդհանուր ջանքերով իրականացվել են գյուղամերձ տարածքների մաքրման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման ու սալիկապատման աշխատանքներ: Համայնքապետները ներկայացրել են գյուղերի ժողովրդագրական և զբաղվածության նկարագրերը, ենթակառուցվածքների վիճակը, որոնց բարելավման ուղղությամբ շարունակվում են աշխատանքներ տարվել համայնքային, պետական և բարեգործական միջոցներով: Գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար աստիճանաբար ստեղծվելու են առավել բարենպաստ պայմաններ, որի նպատակով կառավարությունը ձեռնամուխ է լինում գյուղատնտեսական նոր ծրագրերի մեկնարկին: Այս ոլորտում հաջողության հասնելու համար վարչապետը հորդորել է գյուղացիներին իրականացնել ցանքաշրջանառություն և զարկ տալ անասնապահությանն ու այգեգործությանը: «Արցախի գյուղերի զարգացման հեռանկարը մենք մեծապես կապում ենք այգեգործության հետ, քանի որ երկարաժամկետ կտրվածքում տեսանելի է մրգերի մեծ պահանջարկ տեղական և արտաքին շուկաներում: Կառավարությունը նոր գործիքներ է մշակել այգեգործության խթանման նպատակով, որոնց շրջանակներում իրականացնում ենք տնկիների պահանջվող տեսակների գնման և քաղաքացիներին անվճար տրամադրման ծրագիր՝ դրանք խնամքով մշակելու պայմանով: Ձեզնից ակնկալում ենք նախաձեռնողականություն ցուցաբերել թե՛ տնկիների պատրաստման, թե՛ այգիներ հիմնելու գործում: Անհրաժեշտության դեպքում, կառավարությունը այգեգործներին կաջակցի նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրման և ոռոգման համակարգերի ներդրման հարցում»,- նշել է վարչապետը: Հանդիպումների ժամանակ Արայիկ Հարությունյանը պատասխանել է ներկաներին հուզող տարբեր հարցերի, նրանց հետ քննարկել համայնքային նշանակության խնդիրների լուծման տարբերակներ: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և պաշտոնատար այլ անձինք: [b] ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր