211652_close_icon
views-count1729 դիտում article-date 13:44 12-02-2016

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադեի հետ

Փետրվարի 7-ից 8-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով մեկնեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգ: Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը հանդիպեց ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադեի հետ: Հանդիպման ընթացքում Ատրպատականի նահանգապետը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանի հետ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Իր հերթին, դեսպան Թումանյանը նշեց, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, և այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես գտնվում են Հայաստանի ուշադրության կենտրոնում: Շնորհավորելով նահանգապետին միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ՝ դեսպան Թումանյանն ընդգծեց, որ ստեղծված նոր նախադրյալները, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը պետք է առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնել փոխշահավետ համագործակցության համար: Նույն օրը դեսպան Թումանյանը հանդիպում ունեցավ նաև Թավրիզի քաղաքապետ Սադեղ Նաջաֆիի հետ: Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեց մայրաքաղաք Երևանի և Թավրիզի միջև գոյություն ունեցող ակտիվ համագործակցությունը, ինչը ամուր հիմք է ծառայում երկու քաղաքների միջև հարաբերությունների առավել խորացման համար: Դեսպան Թումանյանի՝ Թավրիզի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի տեղակալ Աբոլֆաթ Էբրահիմիի հետ հանդիպման ընթացքում կարևորեց առևտրի պալատների դերը երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծվեց ստեղծված նոր իրավիճակում երկկողմ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ նաև Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Ռեզափուր Մոհամմադիի հետ: Քննարկվեց կրթական հաստատությունների վկայականների փոխճանաչման, ինչպես նաև համալսարանական, գիտական և հետազոտական աշխատանքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Թումանյանն այցելեց «Արաս ազատ առևտրի և արդյունաբերական գոտի», որտեղ հանդիպեց տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղիի և Ջուլֆայի կուսակալ Մահմուդիի հետ: Զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին փոխայցելությունների կազմակերպումը երկկողմ գործարար կապերի հնարավորություններին լավագույնս ծանոթանալու համար: Այդ համատեքստում դեսպան Թումանյանը նշեց, որ ազատ տնտեսական գոտիները մեծ դեր կարող են խաղալ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում: ՀՀ դեսպանն այցելեց նաև «Արաս ազատ առևտրի և արդյունաբերական գոտում» գործող մի շարք արտադրական ձեռնարկություններ և կառուցվող խոշոր ջերմոցային տնտեսություն, ինչպես նաև Թավրիզի «Danna» դեղագործական ընկերություն և ծանոթացավ գործարանի արտադրական հնարավորություններին: Դեսպան Թումանյանն այցելեց նաև Ջուլֆայում գտնվող «Հովիվի» մատուռ, որը UNESCO-ի կողմից գրանցված է որպես նյութական մշակութային ժառանգության հուշարձան:

Նմանատիպ նյութեր