211652_close_icon
views-count1174 դիտում article-date 15:13 26-01-2016

«Երևան Ջուր»-ը ներկայացրել է 2015թ. դեկտեմբերի գործունեության արդյունքները

Ձմռան առաջին ամիսը Երևան Ջուր ՓԲԸ համակարգում իրականացվող աշխատանքների առումով, ինչպես և պետք էր սպասել, ինտենսիվությամբ չառանձնացավ: Եղանակային առանձնահատկությունններից ելներով, ձմռանը ընդհանրապես ընկերությունում հիմնական ուշադրությունը դարձվում է գործունեության արդյունքների ամփոփմանը, նոր ծրագրերին ու գարնան նախապատրաստական աշխատանքներին: Իսկ 2016թ. համար սա առանձնահատուկ նշանակություն ունի, հաշվի առնելով Եվրամիությունից 4 տարբեր խողովակներով ստացված 21,6 մլն $ԱՄՆ ֆինանսական աջակցությունը: Արդեն 5 տարի է, ինչ Երևան Ջուրը զարգանում է միայն սեփական միջոցներով: Հաջողություններն ակնհայտ են: Սակայն կա նաև հասարակական պահանջ. էլ ավելի ակտիվացնել շինարարական աշխատանքները, բարձրացնել մատուցվող ծառայության որակը, որով և պայմանավորված է նշված ներդրումային ծրագիրն առաջիկա 3-4 տարիների համար: Արդեն մշակվում են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր մայրաքաղաքի 9 վարչական շրջանների համար, հայտարարվել է կապալառու կազմակերպության մրցույթ, որը առաջինը Արաբկիրում ու Քանաքեռ-Զեյթունում արդեն ամռանը կսկսի ջրաշինարարական աշխատանքները: Սակայն սա չի նշանակում ձմռանը համակարգում պլանային շինարարության իսպառ դադարեցում, կամ վթարների ու դրանցով պայմանավորված վերանորոգման աշխատանքների բացակայություն: Գործը մնում է գործ, ամեն նոր օր իր հետ նոր խնդիրներ է բերում, իսկ յուրաքանչյուր անուն աշխատանք ի վերջո հանգեցնում է Երևանում ջրամատակարարման թեկուզ փոքր, բայցևայնպես բարելավման: Օրինակ՝ հաշվետու ամսում վթարներ են վերացվել Արզական-Գյումուշ, Արզնի-2, Արզական-Խարբերդ, Գառնի-Երևան ջրատարների վրա: Շարունակվել է նաև ներքաղաքային ցանցի վերակառուցումը: Այսպես, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Արին-Բերդի» օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ սնվող Գաջեգործների, Նոր Արեշի փողոցների ջրագծերում հաճախ են ջրի ճնշման տատանումները, ինչը սպառողների դժգոհությունն է հարուցում: Այդ նպատակով կառուցվեց պոլիէթիլենե նոր ջրագիծ, որով փողոցների սնուցումը ներկայումս իրականացվում է անմիջապես ՕԿՋ-ից: Նոր Արեշի 42 փողոցի թուջե վթարված ջրագծի փոխարինումը պոլիէթիլենով հնարավորություն տվեց և՛ ջուր խնայել, և՛ բարելավել ջրամատակարարումը, և՛ ապահովել ցանցի հուսալի շահագործումը: Նույն արդյունքով նմանատիպ աշխատանք կատարվեց նաև Վաղարշյան փողոցում: Իսկ ահա Երկաթուղայինների փողոցում, որտեղ կոռոզիայի ենթարկված խողովակաշարը ամբողջությամբ պետք է վերակառուցել, շինարարությունը դեռևս շարունակվում է: Միևնույն ժամանակ, եղանակային պայմաններից ելնելով, շինարարական մի շարք աշխատանքներ ժամանակավորապես դադարեցվել են: Ընդհանուր առմամբ համակարգում կառուցվել է 639 մետր նոր ջրագիծ, շահագործումից հանվել է 1748 մետր վթարված ջրագիծ: Նաև վերացվել է 632 ջրագծի վթար, 1930 կոյուղու վթար և 90 վթար` պոմպակայաններում: Այս ամենի շնորհիվ, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 81.3%-ը, 17-23,5 ժամ՝ 18.7%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1402 փորձանմուշների ստուգումը ցույց է տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Ինչպես և խոստացել էր ընկերությունը, երևանցին բավարար ջուր է ստացել Ամանորի տոներին: Համակարգում գրանցվել է միայն մեկ վթար: Ցավոք, խոշոր վթար՝ 1200մմ տրամագծով ջրագծի, որի պատճառով դադարեցվել է Շենգավիթի զգալի մասի ջրամատակարարումը: Ցանկանալով ժամ առաջ վերականգնել ջրամատակարարումը` ընկերության մասնագետները աշխատել են նաև Ամանորի գիշերը՝ էլեկտրական լուսավորության պայմաններում, սակայն միևնույն է արտակարգ պատահարն ազդել է շենգավիթցիների տրամադրության վրա, ինչի համար ընկերությունը ևս մեկ անգամ հայցում է նրանց ներողամտությունը: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. դեկտեմբերին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. դեկտեմբերի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/: [img]/ups/images/0838396001453802668249527.jpg[/img]

Նմանատիպ նյութեր