211652_close_icon
views-count117195 դիտում article-date 12:53 16-03-2024

«Կասկադյորական» ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Opel-ը արմատախիլ է արել ծառերն ու օդային թռիչքով մխրճվել վագոն-տնակի մեջ՝ անցնելով ննջասենյակով․ կան վիրավորներ․ վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

 Երեկ՝ մարտի 15-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Դավիթ Ներսեսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ջրառատ-Արաքս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Արաքս գյուղի վարչական շրջանում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանիսը արմատախիլ արել և մխրճվել վագոն-տնակի մեջ, անցնելով տնակի ննջասենյակի միջով, ապա հայտնվել բնակչի հողամասում՝ բախվելով ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ․ Ներսեսյանն ու վագոն-տնակում գտնվող, Ջրառատ գյուղի բնակիչներ 67-ամյա Ֆլորա Կարապետյանն ու 68-ամյա Ավագ Մկրտչյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էրիկ Սահակյանն ու Իգր Թամազյանը։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արամվիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճան։

Դեպքի վայրում, վագոն-տնակում բնակվող ամուսինն ասում էր․ «9։25 էր։ Ներսում էի կնոջս հետ ու մի քանի րոպե հետո պատրաստվում էին քնել, բայց երջանիկ պատահականություն էր, որ չգնացինք էն կողմ, մեկ էլ ուժեղ դմփոց, ասես երազ լիներ։ Մեքենան վագոն-տնակի միջով անցավ ու էդպես բան մենակ կինոներում կտեսնեինք։ Վարորդին օգնություն ենք ցուցաբերել ու էնքան ապերախտ էր, որ մի բան էլ մեզ էր մեղադրում, թե էս ինչ եք արել։ Վրայից խմիչքի ուժեղ հոտ էր գալիս ու մեզ վիրավորում էր, բայց մենք չիջանք նրա մակարդակին, օգնություն ցուցաբերեցինք, հետո նրան ու կնոջս տեղափոխեցին հիվանդանոց։ Մինչ այդ ոստիկաններն ու պարեկները եկան վարորդի խմածությունը ստուգեցին, լրիվ խմած էր, լավ-լավ, ոնց որ մենք, գյուղացիներս ենք ասում մինչև վարդապետի խազը տժժիկ էր»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր