211652_close_icon
views-count1234 դիտում article-date 20:40 22-01-2016

ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը 2015 թ.-ին գրանցել է 13776 հեռախոսազանգ

ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը 2015 թվականին գրանցել է 13776 հեռախոսազանգ, 2014-ի 11208-ի փոխարեն. քաղաքացիների դիմելիությունն աճել է գրեթե 20%-ով: Հեռախոսազանգերից 224-ը բողոքներ են պարունակել, որոնց կապակցությամբ ուղարկվել են գրություններ Երևանի և մարզերի բժշկական կենտրոններին, հարուցվել են վարչական վարույթներ, բուժաշխատողների նկատմամբ կիրառվել են բանավոր զգուշացումներ, կարգապահական տույժեր, աշխատանքից ազատումներ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, մասնավորապես բողոքները զեկուցվում են ՀՀ առողջապահության նախարարին: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայության նպատակն է իրազեկել և պահպանել, անհրաժեշտության դեպքում նաև վերականգնել քաղաքացիների, հիվանդների, ինչպես նաև բուժաշխատողների առողջապահական իրավունքը: Առողջապահության նախարարությունը կարևորում է հիվանդ-բուժաշխատող իրավահարաբերությունները, մեր բնակչության իրազեկվածությունն առողջապահության բնագավառում: Հասարակության իրավագիտակցությունը հնարավորինս բարձրացնելու նպատակով կատարվում է աշխատանք: Ցանկացած անձ իր առողջապահական իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն կարող է ստանալ զանգահարելով 010 52-88-72 հեռախոսահամարին, որը հասանելի է 24 ժամ, կամ գրել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նմանատիպ նյութեր