211652_close_icon
views-count15731 դիտում article-date 19:00 20-01-2016

Գնացքի մեծ կողոպուտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բրյուս Ռիչարդ Ռեյնոլդսը ծնվել է Լոնդոնում, 1931թ. սեպտեմբերի 7-ին: Հայրը՝ Թոմասը, արհմիութենական ակտիվիստ էր, իսկ մայրը՝ Մարգրեթը՝ բուժքույր, որը մահանում է, երբ Բրյուսը 4 տարեկան է լինում: Հայրը կրկին է ամուսնանում: Բրյուսը չի համակերպվում խորթ մոր հետ և նախընտրում ապրել հորական տատի մոտ: 14 տարեկանում թողնում է դպրոցն ու աշխատանքի անցնում Daily Mail օրաթերթում՝ որպես ցրիչ: 17 տարեկանում որպես ցրիչ է աշխատում հեծանիվ վաճառող ընկերությունում, ներգրավում սիրողական հեծանվորդների թիմում: պատանի Բրյուս Ռեյնոլդսը [img]/ups/images/0642663001453267219497194.jpg[/img] 1952թ. Բրյուս Ռեյնոլդսն առաջին անգամ դատապարտվում է 3 տարվա ազատազրկման, մեղադրվելով բնակարանային գողության մեջ: Բանտից դուրս գալուց հետո զբաղվում է կողոպուտով: Փողոցում բուքմեյքերին ծեծելու և կողոպտելու համար կրկին ազատազրկվում է 3,5 տարի ժամկետով: 1960-ին դուրս գալով, նա Հարի Բութի և Ջոն Դեյլիի հետ զբաղվում է հնաոճ իրերի գողությամբ և դարձյալ ձերբակալվում: Այդ ժամանակ նա հանդես է գալիս «Նապոլեոն» մականունով: Բրյուս Ռեյնոլդսը կնոջ՝ Ֆրենսիս Ալանի հետ [img]/ups/images/0814028001453267242119932.jpg[/img] 1961թ. նրա խցակիցն էր բանկային ցրիչ Ջեյմս Գրիֆիտսը, որը կասկածվում էր խարդախության մեջ: Բրյուսը Գրիֆիտսից տեղեկանում է, որ ամիսը մեկ անգամ հին-մաշված թղթադրամները Շոտլանդիայից տեղափոխում են Լոնդոն՝ Ազգային բանկ, որտեղ դրանք արտագրվում են, այնուհետև՝ այրվում-ոչնչացվում: Այդպիսով ամիսը մեկ անգամ Գլազգո-Լոնդոն փոստային գնացքին միացնում են ևս մեկ վագոն՝ լցված ոչնչացման ենթակա 1-5-ֆունտանոց մաշված թղթադրամներով, որոնք դուրս են բերվում շրջանառությունից, բայց քանի որ դեռ չեն արտագրվել, կարելի է նորից մտցնել շրջանառության մեջ: Այդ մանրամասների մասին տեղեկանալով Բրյուս Ռեյնոլդսը որոշում է կողոպտել գնացքը: [img]/ups/images/0277827001453267263396005.jpg[/img] Կողոպուտն իրականացնում են 15 հոգով, գումարած ևս 2 իրազեկողները: Նրանք են՝ Բրյուս Ռիչարդ Ռեյնոլդս (մականունը՝ Նապոլեոն), Դուգլաս Գորդոն Գուդի (Գորդոն), Չարլզ Ֆրեդերիկ Ուիլսոն (Չարլի Չաս), Ռոնալդ Քրիստոֆեր Էդվարդս (Բաստեր), Բրայան Արթուր Ֆլեյդ, Պատրիկ ՄկՔենա (Օլսթերցի) (հանցակցությունը չի ապացուցվել), Ռոյ Ջոն Ջեյմս, Ջոն Թոմաս Դեյլի (Պեդի), Հարի Սմիթ, Ջեյմս Էդվարդ Ուայթ (Ջիմի), ոմն՝ Ալֆ Թոմաս մականունով (անունն անհայտ է), Ռոջեր Ջոն Քորդրի, Ռոբերտ Ուելչ (Բոբ), Թոմաս Ուիլյամ Ուիզբի (Թոմի), Ջիմ Հասի (Մեծ Ջիմ), ոմն՝ Ֆրենկ Մանրո մականունով (անունն անհայտ է), Ռոնալդ Բիգս, նախկին երկաթուղային աշխատող՝ «Պոպ» մականունով (անունն անհայտ է): [img]/ups/images/0687608001453267287773060.jpg[/img] 1963թ. օգոստոս 7-ին 6:50-ին փոստային 12 վագոնանոց գնացքը, որին միացված էր թղթադրամներով լցված լրացուցիչ վագոնը, դուրս է գալիս Գլազգոյի կայարանից և ուղևորվում Լոնդոնի կայարան, որտեղ պետք է հասներ օգոստոսի 8-ին ժամը 3:59-ին: Գնացքում կային փոստային 72 աշխատակիցներ, որոնք ընթացքում դասավորում էին նամակներն ու ծանրոցները: Ավազակախմբի անդամներից մեկը հեռախոսով տեղեկացնում է Ռեյնոլդսին. «Գլազգո կայարանից դուրս եկավ փոստային գնացքը: Նրան միացված վագոնում բարձվել է թղթադրամների 128 պարկ, վագոնի վրա գրված է Royal Mail M30204M»: [img]/ups/images/0458547001453267308168958.jpg[/img] Օգոստոսի 8-ին գիշերը ժամը 3:03 ավազակախումբը սկում է գնացքի կողոպուտի գործողությունը: Ավազակները հագած են լինում երկաթուղայինների աշխատանքային համազգեստներ: Գնացքից մեկ մղոն հեռավորության վրա ավազակախմբի անդամ Ջոն Դելին սև պարկով փակում է երկաթուղու լուսամփոփի կանաչ լույսը և միացնում է ձեռքի դեղին լապտերը, տպավորություն ստեղծելով, թե վառվում է լուսամփոփի դեղին լույսը: Մի քանի հարյուր մետր անց ավազակախմբի մյուս անդամ Չարլի Ուիլսոնը պարկով փակում է լուսամփոփի կանաչը և միացնում ձեռքի կարմիր լապտերը: Գնացքավարը դանդաղեցնում է ընթացքն ու կանգնեցնում գնացքը: [img]/ups/images/0450438001453267330231599.jpg[/img] Գնացքավարի օգնական 26-ամյա Դեվիդ Վեբին (David Whitby) գնացքից ցած է թռչում և մոտենում հեռախոսին, որպեսզի պարզի, թե ինչ է տեղի ունեցել, ինչն է գնացքը կանգնեցնելու պատճառը: Սակայն ավազակները նախապես կտրել էին հեռախոսալարերը: Չարագործները հարձակվում են հեռախոսին մոտեցող օգնականի վրա, լռեցնում ու կապկպում, այնուհետև մտնում մեքենավարի խցիկ և կացնի կոթով հարվածում մեքենավար Ջեկ Միլզի (Jack Mills) գլխին ու կապկպում: Մեքենավար Ջեկ Միլզը [img]/ups/images/0655466001453267358698421.jpg[/img] Ռեյնոլդսը ծրագրել էր, որ շոգեքրաշը գրավելուց հետո այն կվարի իրենցից մեկը: Այդ նպատակով Ռոնի Բիգսը խմբի մեջ ներգրավել էր նախկին երկաթուղայինի: Սակայն հանցակից երկաթուղայինը հուզվում է և չի կարողանում վարել գնացքը: Կողոպտիչները ստիպված ուշքի են բերում արնաշաղախ Միլզին և ստիպում նրան վարել գնացքը դեպի Բրիդեգո Բրիջ (Bridego Bridge) կամուրջը, որտեղ մեքենաներով սպասում էին խմբի մյուս ավազակները: Թղթադրամներով լի վագոնում նստած ինկասատորները չեն նկատում հարձակումը, ինչպես նաև իրենց վագոնի դուռը անփոթորեն բաց են թողնում: Ավազակները հանկարծակի են բերում նրանց, կապկպում, վերցնում թղթադրամների 128 պարկերից 120-ը, ընդհանուր գումարը՝ 2.631.643 ֆունտ ստերլինգ, որն այսօր համարժեք է 46 մլն ֆունտ ստերլինգի: [img]/ups/images/0726844001453267378710660.jpg[/img] Մի քանի րոպեում կողոպտիչները փողի պարկերը ընդհանուր քաշով մոտ 2,5 տոննա, բարձում են բեռնատարի մեջ և 3:25 փախչում են հանցագործության վայրից կեղծված համարանիշներով 2 Լենդրովեր մեքենաներով: Նրանք գնում են Լեզերսլեյդ, որտեղ նախապես վարձակալել էին ֆերմա: Ճանապարհին այլ մեքենաների չհանդիպելու համար, նախապես տեղադրել էին ճանապարհային կեղծ նշաններ, որոնք ստիպում են վարորդներին շրջանցել գլխավոր ճանապարհը: Լեզերսլեյդի ֆերմայում նրանք բաժանում են գումարը՝ յուրաքանչյուրին բաժին հանելով մոտ 150.000-ական ֆունտ: Լեզերսլեյդի ֆերման, որտեղ թաքնվել են կողոպիչները [img]/ups/images/0699923001453267405807659.jpg[/img] Ժամը 4:20-ին գնացքը հասնում է Լոնդոն, հաղորդվում է հանցագործության մասին և ընդհանուր տագնապ է բարձրացվում: Հանցագործության քննությունը հանձնարարում են Սքոթլանդ Յարդի քննիչ 49-ամյա Ջերալդ ՄքԱրթուրին: Ըստ ծրագրի ավազակները գյուղատնտեսական աշխատողների անվան տակ պետք է մի քանի շաբաթ անցկացնեին Լեզերսլեյդի ֆերմայում, սակայն մեկ օր անց որոշում են հեռանալ, երբ ռադիոյով լսում են, որ ոստիկանությունը մանրակրկիտ որոնումներ է իրականացնում 30 մղոն շառավղով: Լեզերսլեյդում ապրող մի երեխա ոստիկաններին պատմում է ֆերմայում ապրող առատաձեռն մարդկանց մասին, որոնք մեկ օր առաջ մեկ լիտր կաթի համար վճարել էին 5 ֆունտ: Ոստիկանությունը լքված ֆերմայում մանրակրկիտ խուզարկություն է կատարում և հայտնաբերում մատնահետքեր սեղանի խաղի (մոնոպոլիա) քարտերի վրա: Այդպես հայտնի են դառնում կողոպուտի մասնակիցների անունները: Նման իրավիճակում հետապնդումից խուսափելը դառնում է անհնարին: Օգոստոսի 17-ին կատարվում են առաջին ձերբակալությունները: Մինչև 1964թ. հունվարը ձերբակալվում են կողոպտիչների մեծ մասը, փախուստի մեջ են մնում Բրյուս Ռեյնոլդսը, Բաստեր Էդվարդսը և Ջեյմս Ուայթը: [img]/ups/images/029405200145326743777502.jpg[/img] Դատավարությունն սկսվում է էյլսբերի քաղաքում (Բակինգեմշիրի կոմսություն) հունվարի 20-ին, տևում է 51 օր, քննվում են 613 ապացույցներ, հարցաքննվում են 240 վկաներ, մեղադրանք է առաջադրվում 13 մարդու նկատմամբ: 1964թ. ապրիլ 15-ին ընթերցվում է դատավճիռը: Դատավորը կողոպուտը բնութագրում է այսպես. «Կեղտոտ բռնություն, ոգեշնչված վայրենի ագահությամբ» և յոթ ամբաստանյալներին դատապարտում 30-ական տարվա, երկուսին՝ 25-ական, մեկին` 24, մեկին՝ 20, իսկ Ջոն Դենբի Ուիթերին 3 տարվա ազատազրկման՝ հանցագործության մասին իմանալու-չհայտնելու համար: Այս գործի շրջանակում ձերբակալվում է նաև Ուիլյամ Բոուլը, որի մոտ գտնում են 141.000 ֆունտ ստերլինգ: Նրան ոչ ոք չի ճանաչում, նրա դեմ ոչ ոք ցուցմունք չի գրում, սակայն նրան մեղադրում են գողոն գնելու համար և դատապարտում 24 տարվա ազատազրկման: Նմանատիպ մեղադրանքով է դատապարտվում նաև նավաստի Լեոնարդ Ֆիլդը: Գողոնի մի մասը՝ մոտ 400.000-ը ժամանակի ընթացքում հայտնաբերվում է, մնացածը հայտնաբերել չի հաջողվում: [img]/ups/images/0706855001453267462437827.jpg[/img] Կողոպուտից հետո Բրյուս Ռեյնոլդսը կնոջ և փոքր երեխայի հետ փախչում է Մեքսիկա, այնտեղից՝ Կանադա: 1968-ին վերադառնում է Անգլիա և ձերբակալվում, դատապարտվում 25 տարվա ազատազրկման: Ճաղերի հետևում անց է կացնում 10 տարի: Դուրս գալուց հետո զբաղվում է թմրավաճառությամբ, ձերբակալվում և կրկին դատապարտվում 3 տարվա ազատազրկման: Կյանքի վերջին տարիներին գրում է «Գնացքի մեծ կողոպուտը» հուշագրությունը: Մահանում է 2013-ի փետրվարին: Ձախից աջ՝ Բաստեր Էդվարդսը, Թոմ Ուիզբին, Ջիմ Ուայթը, Բրյուս Ռեյնոլդսը, Ռոջեր Քոդրին, Չարլի Ուիլսոնը, Ջիմ Հասին «Գնացքի մեծ կողոպուտը» գրքի շնորհանդեսից հետո: [img]/ups/images/0869188001453267515249755.jpg[/img] Դատավճռից մի քանի ամիս անց՝ 1964-ի օգոստոսի 12-ին բանտից փախչում է Չարլի Չասը իր 3 ընկերների աջակցությամբ, որոնք դրսից ներխուժում են բանտ ու փախցնում իրենց ընկերոջը: Նա միակն էր ավազակախմբում, որը քննության և դատավարության ժամանակ ոչ մի բառ չի արտասանում: Փախուստից հետո մեկնում է Փարիզ, այնուհետև տեղափոխվում Մեքսիկա, հետագայում՝ Իսպանիա, որտեղ 1990-ին սպանվում է վարձու մարդասպանի ձեռքով: Չարլի Ուիլսոն «Չաս» [img]/ups/images/041339400145326753716845.jpg[/img] 1965-ի հուլիսին Ռոնի Բիգսն է փախչում բանտից՝ պարանից պատրաստված աստիճանի օգնությամբ: Բիգսը մեկնում է Ֆրանսիա, որտեղ պլաստիկ վիրահատության է ենթարկում դեմքը, փոխում անունը և տեղափոխվում Ավստրալիա: Ռոնին աշխատանքի է անցնում օդանավակայանում: Ոստիկանությունը գտնում է նրա հետքը: Ռոնին ստիպված փախչում է Բրազիլիա և ամուսնանում: Բրազիլիան հրաժարվում է արտահանձնել Ռոնի Բիգսին: 2001-ին Ռոնին անսպասելի որոշում է վերադառնալ հայրենիք. «Գիտեմ, որ ինձ այնտեղ կձերբակալեն, սակայն իմ վերջին ցանկությունն է մտնել Margate փաբ, մի գավաթ գարեջուր պատվիրել և ինձ կրկին անգլիացի զգալ»: Ռոնիին ձերբակալում են օդանավակայանում, սակայն 8 տարի անց ներում են շնորհում՝ առողջության պատճառով: Մահանում է 2013-ի դեկտեմբերին: Ռոնի Բիգսը իր մասին գրքի շնորհանդեսի ժամանակ [img]/ups/images/08148180014532675644434.jpg[/img] Գնացքի մեծ կողոպուտի մասին գրվել են մի քանի հուշագրություններ, գեղարվեստական գրքեր, երգեր, բեմադրվել են ներկայացումներ, իսկ 2013-ին նկարահանվել է «Գնացքի մեծ կողոպուտը» ֆիլմը (The Great train robbery):

Նմանատիպ նյութեր