2 օրից Ճապոնիան ևս կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է ուրբաթ՝ հունվարի 22-ին չեղյալ հայտարարել Իրանի դեմ իր սահմանած պատժամիջոցները, հաղորդում է Ria Novosti-ն:
Այսպիսով, պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա ճապոնական ընկերություններին ներդրումներ կատարել Իրանի նավթագազային ոլորտներում: Երկու երկրների բանկերը նաև հնարավորություն կստանան մասնաճյուղեր բացելու, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտների միջև արժութային փոխանակման վերաբերյալ գործարքներ կնքելու:
Ինչպես սպասվում է, Ճապոնիան կփորձի վերականգնել իր դիրքերը մերձավորարևելյան նավթի պաշարներով հարուստ Ազադեղան հանքահորում, որի պաշարները գնահատվում են 26 մլրդ բարել: 2004 թվականին ծագող արևի երկիրը ձեռք էր բերել հանքահորի շահագործման 75 տոկոս կոնցեսիան, սակայն պատժամիջոցների սահմանումից հետո այդ մասնաբաժինը 75 տոկոսից իջել էր մինչև 10 տոկոսի, իսկ 2010 թ-ին Ճապոնիան հայտարարեց, որ դուրս է գալիս այդ նախագծից: