211652_close_icon
views-count2077 դիտում article-date 16:32 09-01-2016

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շրջայց է կատարել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր շնչառական հիվանդությունների թվի որոշակի աճով պայմանավորված, հունվարի 9 ին և 10-ին քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Տեղերում իրավիճակին ծանոթանալու համար Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ, ինչպես նաև «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետի տեղակալին նախ ներկայացրել է դեկտեմբերի 31 –ից մինչև հունվարի 7 –ը պոլիկլինիկաներ դիմած քաղաքացիների վիճակագրությունը, ըստ որի, հետազոտվել է 915 քաղաքացի, իսկ շտապ օգնության ծառայության կողմից սպասարկվել է շուրջ 6800 կանչ, որից 1150-ի դեպքում քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց: Քաղաքապետի տեղակալը շրջայցի ընթացքում հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների և աշխատակազմերի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել հատկապես սուր շնչառական հիվանդություններով դիմած քաղաքացիներին ցուցաբերվող օգնության, հետագա բուժման և տնային կանչերի իրականացման ընթացքի մասին: Ինչպես բուժհաստատությունների ղեկավարները, այնպես էլ մասնագետները վստահեցրել են, որ չնայած սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճին, ներկայում համաճարակային կամ, առավել ևս, խուճապի մատնվելու որևէ հիմք չկա և իրավիճակը միանգամայն վերահսկելի է: Բուժհաստատություններում ապահովված է անհրաժեշտ բոլոր հետազոտությունների մասնագետների ներկայությունը: Առանձին բուժհաստատություններում այս օրերին արձանագրված ցուցանիշները ուղիղ համեմատական, երբեմն էլ անգամ ցածր են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Իսկ սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճը տարվա այս ժամանակահատվածում բժիշկները պայմանավորել են սեզոնային գործոնով: Այդուհանդերձ, քաղաքապետի տեղակալը բուժհաստատությունների տնօրեններին և բժիշկներին հանձնարարել է հնարավորին արագ արձագանքել ցանկացած քաղաքացու խնդրին, իրականացնել բարեխիղճ և պատշաճ սպասարկում և հետամուտ լինել նրա լիարժեք ապաքինմանը: Դավիթ Օհանյանը այցելել է նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ ծանոթացել է նաև այլ հիվանդությունների ախտանիշներով ստացիոնար բուժում ստացող հիվանդների բուժման դինամիկային: Քաղաքապետի տեղակալը բոլոր բուժհաստատություններում զրուցել է հիվանդների և նրանց հարազատների հետ, քաջառողջություն մաղթել, նաև հորդորել՝ ցանկացած գանգատի դեպքում դիմել բժիշկների օգնությանը և չզբաղվել ինքնաբուժմամբ: Քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր