211652_close_icon
views-count51777 դիտում article-date 14:35 23-12-2015

Երևանում, Ավան վարչական շրջանում 45-ամյա վարորդը Range Rover-ով բախվել է քաղաքապետի մորը սպասարկող Toyota-ին, իսկ հետո՝ Mercedes-ին. ժամանել են Երևանի ՃՈ պետը և ՃՈ հետաքննչական բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Range Rover մակնիշի 12 ՍՏ 622 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 45-ամյա Արմեն Երանոսյանը Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել է համընթաց երթևեկող 43-ամյա Արմեն Վարդերեսյանի վարած Toyota մակնիշի 001 ԼՏ 10 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետո Range Rover-ի վարորդն իր ավտոմեքենայով բախվել է մայթի բետոնե հատվածներին, առաջ ընթացել ու հարվածել կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 81 MA 088 համարանիշի ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը և ՃՈ հետաքննչական բաժնի պետ Ալբերտ Նազարյանը: Փաստի առթիվ նույն բաժնի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Range Rover-ի վարորդը ՃՈ աշխատակիցներին և հետաքննիչին ասում էր, ավտոմեքենան վարելու ժամանակ երեխաներ են հայտնվել մեքենայի առաջ և ինքը, խույս տալով երեխաներից, չի կարողացել կառավարել մեքենան և տեղի է ունեցել վթարը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ Toyota-ն հաշվառված է ինչ-որ պետական հիմնարկության հաշվեկշռում և սպասարկում է հանրապետության քաղաքապետերից մեկին: Այս տեղեկությունը Ճանապարհային ոստիկանությունը պարզում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր