Ռեալի» համբերությունը սպառվում է. ակումբը կարող է գլխավորել Զիդանը
Նոյեմբերին «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրապարակավ իր աջակցությունը հայտնեց թիմի մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, սակայն Պրիմերայի վերջին տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունից (0:1) հետո ղեկավարությունից ոչ ոք Բենիտեսին զորակցություն չի հայտնել:
Իսպանական Marca-ն նշում է, որ արքայական ակումբի ղեկավարությունը պատրաստ է աչք փակել թիմի խաղաոճի, ինչպես նաև մարզչի ու խաղացողների միջև տարաձայնությունների վրա, եթե թիմը հաղթանակներ տանի: Սակայն եթե արդյունք չլինի, ապա Բենիտեսը կզրկվի աջակցությունից:
Բենիտեսը արդեն գիտի, որ «Ռեալի» ղեկավարության համբերությունը սպառվում է: Ավելին, Ֆլորենտինո Պերեսը արդեն որոշել է, որ Բենիտեսին պաշտոնանկ անելու դեպքում ակումբը կգլխավորի Զինեդին Զիդանը՝ «Ռեալի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչը: